Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է խիստ բացասական հետեւանքների հանգեցնել Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ դեկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին:
Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտնել է, որ նախարարը զանգահարել է ամերիկացի իր պաշտոնակցին, որպեսզի, մասնավորապես, քննարկի տարածաշրջանային խնդիրները ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե Վաշինգտոնը կարող է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: «Շուքրին նախազգուշացրել է նման որոշման հետ կապված հնարավոր բարդացումների եւ Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման ԱՄՆ-ի ջանքերի համար բացասական հետեւանքների մասին,-նշել է եգրիպոսցի դիվանագետը:-Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց է, որին հարկավոր է շատ զգույշ մոտենալ՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ինքնությունը դարերի ընթացքում»:
Կահիրեում համոզված են, որ կարեւոր է «խուսափել այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք կբորբոքեն տարածաշրջանի լարվածությունը»: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության հանգուցային հարցերից մեկն է: Իսրայելը Երուսաղեմը համարում է երկրի «միասնական ու անբաժանելի» մայրաքաղաքը, մինչդեռ պաղեստինցիները ձգտում են քաղաքի արեւելյան մասը հայտարարել իրենց պետության մայրաքաղաքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: