Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ուղարկել Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյին, որում նրան նախազգուշացրել է Կիեւի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի առեւտրական մասի իրագործման հետեւանքների մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:

 

Նամակում ասված է, որ Մոսկվան այդ դեպքում կփակի մուտքը ռուսական շուկա: Ընդսմին նույնիսկ ասոցացման մասին համաձայնագրի իրագործման համար օրենսդրությունը փոխելու Ուկրաինայի փորձն անհապաղ պատասխան կստանա ՌԴ-ի կողմից:

 

«Մենք գտնում ենք, որ միայն ասոցացման մասին համաձայնագրի համակարգային սրբագրումները, որոնք ուշադրության են առնում ռիսկերի ողջ սպեկտրը ռուս-ուկրաինական տնտեսական կապերի եւ Ռուսաստանի տնտեսության համար, թույլ կտան պահպանել գոյություն ունեցող առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ»,- գործակալությունը մեջբերում է արել նամակից: