Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) ԱԳ նախարարները ԱՄՆ-ից պահանջել են հետ կանչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, այն համարելով մահացու սխալ, որը Վաշինգտոնը դնում է «զավթիչների հետ» մեկ աստիճանի վրա, տեղեկացնում է Associated Press-ը։
Բացի այդ, ԱԳՆ-ների ղեկավարները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել ընդունել Երուսաղեմի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը դատապարտող բանձև, թեև ընդունել են, որ Վաշինգտոնն, ըստ երևույթին, կարգելափակի փաստաթուղթը։ Ինչպես հայտարարել է Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիադ ալ Մալիքին, եթե ԱՄՆ-ն արգելափակի բանաձևի ընդունումն ՄԱԿ-ի ԱԽ-ում, արաբական երկրները կպնդեն, որ բանաձևն ընդունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Արաբական երկրների ԱԳ նախարարները Կահիրեում շտապ խորհրդակցություններ են անցկացրել, որոնք սկսվել են դեկտեմբերի 9-ի երեկոյան։
Ինչպես նշել է AP-ն, նախարարների ընդունած բանաձևում չի խոսվում ԱՄՆ-ի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցների, օրինակ, ամերիկյան ապրանքների բոյկոտի կամ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի ցածրացման մասին, թեև ԱԵԼ-ի որոշ անդամներ պնդել են պատժամիջոցների մասին, սակայն նրանք փոքրամասնություն են կազմել։
Միաժամանակ, ընդունված փաստաթղթերը հարաբերականորեն զուսպ են Պաղեստինը ողողած զանգվածային բողոքների ֆոնին, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։
ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հաստատել է, որ հանդիպմանն ընդունված որոշումները ամբողջությամբ չեն արտացոլի փողոցներում տեղի ունեցող դեպքերը։ «Երուսաղեմը զավթված է վերջին 50 տարիների ընթացքում։ Սա երկարատև պայքար է, և մեզ իրավիճակի հետագա սրում է սպասվում»,- հայտարարել է նա։
Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը նաեւ ստորագրել Է փաստաթուղթ Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Դա առաջ է բերել նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակից որոշ երկրների քննադատությունը, որոնք հաստատել են, որ ճանաչումն անկայունություն կբերի առանց այդ էլ վտանգավոր տարածաշրջան։