Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ կայացավ ԵՏՄ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ:
Նիստում քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում' Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին ՀՀ միանալուն, որը հնարավորություն կտա էլ ավելի դյուրացնելու Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը Եվրասիական միասնական տնտեսական տարածք:
Համաձայնագրով նախատեսվում է ներդնել տրանսպորտային միջոցների անձնագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ստեղծել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի շտեմարան: Այս ամենը ուղղված է լինելու ԵՏՄ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանը: