Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում ներկա դրությամբ օրակարգային մեկ հարց ունի' իրականացնել ինքնակազմակերպման գործընթաց: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի փոխանցմամբ, սա չի նշանակում, որ քաղաքական զարգացումներ չեն լինելու: ՍԴՀԿ-ն մասնակցելու է քաղաքական գործընթացներին եւ յուրաքանչյուր հարցի առնչությամբ ներկայացնելու իր տեսակետը:

 

«Մեր ներկայությունը Հայաստանի կյանքում դրական ներդրում կունենա: ՍԴՀԿ-ն, որպես արժեք ներկայացնող գաղափարական կուսակցություն, իր բացը կլրացնի Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հայ հասարակության մեջ կա վստահության պակաս քաղաքական վերնախավի հանդեպ, չկա վստահություն նաեւ ընդդիմության նկատմամբ: Սոցիալական անմխիթար վիճակը, անգործությունն ու հույսի բացակայությունը ստիպում են մարդկանց դիմել արտագաղթի: Քաղաքական ուժերը պետք է գիտակցեն այս տագնապալի վիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փետրվարի 6-ին կայաց ած ասուլիսի ժամանակ ասաց Տիգրանյանը' հավելելով, որ կուսակցությունում կողմնակից են համակարգային փոփոխություններին:

 

«Ներկա սահմանադրությամբ իշխանությունն ու պետականությունը հոմանիշներ են: Սահմանադրական փոփոխությունը լավ առիթ է, որը պետք է օր առաջ իրականացնել, եւ Հայաստանն անցնի խորհրդարական համակարգի»,- ասաց Տիգրանյանը: Նա շեշտեց, որ կուսակցությունում ողջունում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը' վստահ լինելով, որ այն Հայաստանի տնտեսական զարգացման համար նոր հնարավորություններ կբացվեն:

 

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին' Հակոբ Տիգրանյանը շեշտեց, որ Արցախը պետք է միջազգային ճանաչում ստանա, եւ իրենց կուսակցությունն էլ, տարբեր երկրներում համագործակցելով հայկական այլ կառույցների հետ, սկսել է ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը:

 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկայացված համահայկական հռչակագրին, ապա, Հակոբ Տիգրանյանի գնահատմամբ, հռչակագրում տեղ գտած դրույթները նոր ռազմավարության հիմքն են:

 

«Գտնվում ենք նոր հանգրվանի առաջ, եւ նոր հանգրվանը կամրագրվի արդիական մոտեցմամբ եւ իրավական լուրջ գործելաոճով»,- ասաց Տիգրանյանը' քաղաքական գործիչներին եւ կուսակցություններին կոչ անելով հատկապես ապրիլ ամսվա ընթացքում զերծ մնալ քաղաքական ներքին առճակատումներից եւ ապրիլի 24-ը չկապել ներքաղաքական հարցերի հետ: