«Ռուսաստանը շարունակում է աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնել սպառազինությունների մատակարարման ծավալով: Անցած տարի Ռուսաստանը 15,13 միլիարդ դոլարի ռուսական զենք է արտահանել, ինչը 2 միլիարդ դոլարով գերազանցում է նախորդ տարվա արտահանումներից ստացված գումարը: Եվ եթե Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված «Վիկրամադիտյա» ավիակրի փորձարկումները չձախողվեին և մատակարարումը չհետաձգվեր մինչեւ 2013թ. աշուն, ապա ռուսական սպառազինության արտահանումների ծավալը 2012թ. կգերազանցեր 17,4 միլիարդ դոլարը»,- գրում է ռուսական Forbes.ru-ն:

Կայքը փաստում է, որ ռուսական զենքի վաճառքի ծավալներն աճում են տարեց տարի: «…. Զարգացող երկրները, վախենալով արաբական հեղափոխություններից, մեծացնում են ռազմական տեխնիկայի գնման ծավալները: Ռուսական զենքի գնման ծավալներն ավելացնում են Հնդկաստանն ու Չինաստանը: Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի խոշոր հաճախորդներից են նաեւ Ալժիրը, Վենեսուելան, Վիետնամը, Ինդոնեզիան: Անցած տարի ռուսական ռազմական տեխնիկայի գնորդների շարքում հայտնվեցին նաեւ Ադրբեջանը, Իրաքը ու նույնիսկ ԱՄՆ-ը, որն աֆղանական բանակի համար Ми-15 տեսակի 70 ուղղաղթիռ է գնել»,-նշվում է հոդվածում:

Կայքը, վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցը, նշում է, որ սպառազինության վաճառքի աճին նպաստում է նաեւ այն, Ռուսաստանը վերջին տարիներին սկսել է շատ «ճկուն աշխատել» հաճախորդների հետ. նրանց առաջարկում է վճարման, առաքման շահավետ պայմաններ:

Forbes.ru-ի վերլուծաբաններն ուսումնասիրել ու պարզել են, որ արտասահմանում մեծ պահանջարկ են վայելում հատկապես ռուսական զենիթահրթիռային համակարգերը: 2008-ից 2012թթ. Ռուսաստանը 7750 զենիթա-հրթիռային համակարգ վաճառել է զարգացող երկրներին, 944-ը' ԱՄՆ-ին, 290-ը' Արեւմտյան Եվրոպայի երկրներին:

Կայքի տվյալներով' միայն անցած տարի «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերությունն ավելի քան 4,2 միլիարդ դոլարի Панцирь-С1 տեսակի հակահրթիռային համակարգեր է վաճառել Իրաքին, իսկ Չինաստանի հետ 600 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել' Ми-171Е տեսակի տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ: