Ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի բաժնից ազատ արձակված Սառնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Մնացական Ալեքսանյանը կարծում է, որ այն պահանջը, հանուն որի ինքը պայքարել է, բոլորինն է: Մնացականը, ով ոստիկանույթունից դուրս գալով շտապում էր վայրկյան առաջ հասնել Սառնաղբյուր՝ հիվանդ մոր մոտ, ում 2 օր չէր տեսել, շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար:

 

«Արդարացի պահանջը համայն հայությանն է, որի մեջ ես էլ եմ մտնում»,-նշեց Մնացականը: Անդրադառնալով իր ձերբակալմանը' նա նշեց, որ դա իր համար անսպասելի էր: «Ես չէի սպասում և ոչ մի բանի մասին չէի մտածում, ամբողջն անսպասելի էր: Դա հավանաբար կատարվել է տեսագրությունների հիմքերի վրա»,-նշեց Մնացական Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում, այդ թվում նաև Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով, կմասնակցի խաղաղ երթերի: Նա նաև լրագրողներին վստահեցրեց, որ ոստիկանությունում ինքը ճնշումների չի ենթարկվել:

 

 

Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ այս պահին որոշում է կայացվել ձերբակալվածին ազատ արձակելու մասին: «Դեռ մեղադրանք չի առաջադրվել: Մեզ միայն ձերբակալվածին ազատ արձակելու մասին որոշումն է տրվել՝ ձերբակալման հիմքերի բացակայության պատճառով: Ներկա պահին այլ որոշում, մեղադրանք չի ներկայացվել, ոչ էլ խափանման միջոցն է ընտրված»,-ավելացրեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ ձերբակալման որոշումն իրենց կողմից բողոքարկվել էր փետրվարի 5-ին:

 

 

Որդու ազատ արձակման համար իր շնորհակալությունը հայտնելով համագյուղացիներին, գյումրեցիներից և բոլոր նրանց, ովքեր այս օրերին եղել են իր որդու կողքին, Մնացականի հայրը՝ Մարտիոս Ալեքսանյանը, նշեց, որ հպարտ է իր որդով, ով դեռ բանակում ծառայության տարիներին սահմանային գծում էր հպարտանալու առիթ տվել:

 

 

Ալեքսանյանը փետրվարի 4-ին բերման էր ենթարկվել Շիրակի մարզի Մարալիկի քննչական բաժին և ժամը 19-ի սահմաններում ձերբակալվել՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

 

 

Արմենուհի Մխոյան