Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը կհորատվի ոռոգման ջրի խորքային 1 հոր, որը կծառայի մոտ 300 տնտեսությունների կարիքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, խորքային հորը կհորատվի տեղական բյուջեի միջոցներով: Այն ոռոգելի կդարձնի մոտ 50 հեկտար տնամերձ հողամասեր, որոնք մշակողներն ամեն ոռոգման շրջանի ընթացքում կանգնում են լուրջ խնդրի առաջ:»Թաղամասն ոռոգման ջուրն ամբողջությամբ ստանում է Մարտունի կամ Արգիճի գետերից, ինքնահոս եղանակով: Այդ գետերի ցամաքելու արդյունքում ոռոգման ջուրն ամռան ընթացքում չի բավարարում բնակչության կարիքները:

 

Ոռոգման ջրի հերթը հասնում է հազիվ ամիսը երկու անգամ, ինչը սակավ տեղումների պայմաններում նվազեցնում է բերքատվությունը, չորանում են բանջարբոստանային ցանքերն ու այգիները: Նախատեսվող խորքային հորի կառուցմամբ լիովին լուծած կլինենք ոռոգման ջրի խնդիրը մոտ 50 հեկտար կազմող տնամերձերում, ինչն անգնահատելի օգնություն կլինի ավելի քան 300 տնտեսությունների համար»,-հավաստեց համայնքի ղեկավարը: