Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 2004 թվականին իրականացված ծրագրի արդյունքում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց, որը, սակայն, մինչ օրս չի ծառայում իր նպատակին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճափի գյուղապետ Հայկ Սիմոնյանը, ժամանակին ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը ծախսել է 50 միլիոն դրամ, որով պետք է ոռոգելի դառնային գյուղի 135 հեկտար տ նամերձ հողամասերը, սակայն ոռոգման ներքին ցանցն այդպես էլ հնարավոր չեղավ գործարկել պոմպակայանի շահագործման անհնարինության պատճառով:

 

Գյուղի նախկին պոմպակայանը, որից պետք է սնվեր ոռոգման ողջ համակարգը, պարզվում է, ժամանակի ընթացքում մատնվել է անգործության եւ թալանվել, իսկ նոր պոմպակայան կառուցելու համար հարկավոր է եղել եւս մոտ 50 միլիոն դրամ, որի հայթայթումը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Ստացվում է, որ 10 տարի շարունակ համայնքի բնակիչները համբերատար սպասում են ոռոգման ջրին, իսկ համայնքապետարանը չի գտնում համապատասխան միջոցներ ու ծրագրեր, իսկ ոռոգման ցանցի անցկացումը եւ տասնյակ միլիոնավոր դրամի ներդրումը դառնում են աննպատակ, ներդրված միջոցները փոշիացվում են անհարկի:»

 

Հարցն այս անգամ բարձրացրել ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առջեւ, ով խոստացավ հետամուտ լինել խնդրին եւ անել հնարավորը, որպեսզի միջոցներն անտեղի չփոշիացվեն, եւ կառավարության ներդրումը լինի նպատակային, մարդիկ կարողանան բարիք արտադրել»,- ասաց գյուղապետ Հայկ Սիմոնյանը: Ոռոգման համակարգի շահագործմանը գյուղի ողջ բնակչությունը սպասում է անհամբեր:

 

Խոսրով Խլղաթյան