Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում շարունակվում են ավարտին հասցվել նախորդ տարվա մեջ իրականացված կենսական նշանակության ծրագրերը, որոնց մեջ առավել կարեւոր է համարվում խմելու ջրատարի ներքին ցանցի նորացման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Դդմաշ են համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ միջոցներով 2014 թվականի ընթացքում գյուղի խմելու ջրի ներքին ցանցի հնացած երկաթյա խողովակները ամբողջովին փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով, որոնք ձգվում են 17 կիլոմետր երկարությամբ: Իսկ այս տարի իրականացվելու են ջրագծերի փոփոխման հետեւանքով քանդված ճանապարհների վերանորոգման, հարթեցման, ասֆալտապատման, ինչպես նաեւ եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Ջրագծերի փոփոխման համար նախատեսված բյուջեի նախահաշիվը կազմել է 150 միլիոն դրամ: Նախորդ տարվա ընթացքում տեղադրվել է նաեւ 450 ջրաչափ:
«Համայնքի ջրագծերի 1500 մետր հատվածը հիմնանորոգվել էր 2012 թվականին' նախքան գլխավոր ճանապարհների ասֆալտապատումը, որտեղ ժամանակին ջրաչափեր չեն տեղադրվել: Այս տարի այդ թաղամասում կտեղադրվի եւս 50 ջրաչափ: Ջրամատակարարման համակարգի սպասարկումը եւ կառավարումը հիմնովին իրականացնելու է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, իսկ գյուղն արդեն ունի շուրջօրյա ջրամատակարարում»,-հավաստեց համայնքի ղեկավարը: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Շահարտ» ՍՊԸ ենթակապալառու կազմակերպությունը:
Խոսրով Խլղաթյան