Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում են 1200 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանը, ջրատար ներքին ցանցն անցնելու է գյուղի բոլոր թաղամասերով, որը ծառայելու է գյուղի 153 տնտեսությունների կարիքներին:
Հին ջրատարի մետաղյա քայքայված խողովակները փոխարինվելու են պոլիէթիլենային խողովակներով, իսկ յուրաքանչյուր տան համար տեղադրվելու է ծորակ, ապահովվելու է շուրջօրյա ջրամատակարարում: Մինչ այժմ մաքենիսցիներն օգտվում էին փողոցների առանձին կետերում տեղադրված ծորակներից' օրնիբուն ջուր կրելով, իսկ մետաղյա քայքայված խողովակաշարում անչափ մեծացել էին ջրի կորուստները: Ջրատար ներքին ցանցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է հինգ միլիոն դրամ, որից երկու միլիոնը ներդրել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», մեկ միլիոն դրամը' մաքենիսցի բարերաÖ € Ժորա Մելքոնյանը, 700 հազար դրամը' «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Մնացած 1,3 միլիոն դրամը ներդրվել է Մաքենիսի բնակիչներից հանգանակած գումարների հաշվին:
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսի վերջերին: Համայնքի ղեկավարն այս ծրագրի անբաժան եւ բաղկացուցիչ մաս է համարում 3440 մետր երկարությամբ խմելու ջրատարի արտաքին նոր ցանցի կառուցումը, որի 1600 մետրը նախորդ տարի կառուցվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջոցներով: Մնացած 1800 մետրի կառուցման եւ 10 լ/վրկ հզորության ջուրը նորակառույց ներքին ցանց մտցնելու համար համայնքի ղեկավարն ակնկալում է պետական աջակցություն ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի շրջանակներում:
Խոսրով Խլղաթյան