Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի խմելու ջրատարի հիմնանորոգման ընդհանուր ծրագրից, որը կատարվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ, դուրս է մնացել 3 նրբանցք, ուր 40 ընտանիքի համար հարկ կլինի կառուցել ջրատարի նոր ներքին ցանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, թե եւ նածորդ երկու տարիների ընթացքում Մարտունի քաղաքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ կառուցվել է 48 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, կատարվել 1500 տնային միացում, սակայն ինչ-ինչ պատճառներով Աբովյան փողոցի 2 եւ Կամոյի փողոցի 1 նրբանցքներում խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում չի իրականացվել, եւ այս պահին մոտ 40 ընտանիք գրեթե ջրազրկված են:
Խնդրին լուծում տալու համար քաղաքապետարանը նախնական համաձայնություն է ձեռք բերել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ առ այն, որ շուտով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ միջոցներով վերոնշյալ նրբանցքներում սկսվելու են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրագծի երկարությունը կկազմի 1 կիլոմետր:«Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի մոտակա օրերի ընթացքում, առանց հապաղելու, քանի որ 40 ընտանիք անհամբեր սպասում է մշտական ջուր ունենալուն, մոտակա տեղերից ջուր կրելու բեռից վերջապես ազատվելուն& raquo;,- նշեց քաղաքապետի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան