Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում արդեն 15 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ «Ագաթ-777» կազմակերպության շինարարները հիմնովին փոխելու են գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցն ամբողջությամբ' 22 կլիոմետր երկարությամբ:

 

Անցած 15 օրերի ընթացքում շինարարներն շահագործման պիտանիությունը կորցրած ներքին ցանցն արդեն պոլիէթիլենային խողովակներով փոխարինել են 3 կիլոմետրի վրա: Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2016 թվականի սկիզբը:

 

«Գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցն ամբողջովին քայքայված է' նույնիսկ այն աստիճան, որ բնակիչների համար հազիվ ենք կարողանում օրական չորսժամյա ջրամատակարարում ապահովել, այն դեպքում, երբ օրվա կարգավորիչ ջրամբար բավարար քանակի ջուր ենք մղում: Ներքին ցանցի կառուցումից հետո Գանձակի 750 տնտեսությունները կունենան կանոնավոր եւ շուրջօրյա ջրամատակարարում»,- նշեց Վանիկ Հարությունյանը:

 

Ներքին ցանցի կառտուցման համար ներդրվել է 760 հազար եվրոյին համարժեք գումար (394 մլն 668 հազար դրամ ):

 

Խոսրով Խլղաթյան