Փաստաթղթերը կեղծելու դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատակիցների կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ու սումնասիրությամբ պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պատիժը կրում է բաց տիպի գոտում և իրավունք ունի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս գալ աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկին է ներկայացրել կեղծ տեղեկանք, որ, իբր, աշխատանքային օրերին ինքն աշխատում է ՍՊ ընկերությունում՝ իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար: Այնուհետև ՍՊ ընկերության հետ դատապարտյալը կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատանքի չհաճախելու հիմքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնողն էլ, իր հերթին, օրենքով սահմանված ժամկետներում չի ստուգել դատապարտյալի աշխատանքի հաճախումները. դատապարտյալը մեկ տարուց ավե լ աշխատանքի չի հաճախել, բայց ներկայացված կեղծ տեղեկանքի հիման վրա անարգել դուրս է եկել քրեակատարողական հիմնարկի տարածքից:

 

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: