Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է սահմանաբնակ ժողովրդին, սահմանապահ զինվորին քաջալերելու աշխատաոճը: Արցախի բոլոր զորամասերում, մարտական դիրքերում հանդիպումներից հետո հիմա էլ եռասերունդ երկրապահները Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների զորամասերում և դիրքերում են: Հարյուրավոր պատանի, երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներից կազմված խմբերն այս պահին Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարտական դիրքերում են:
Երկրապահական, հայրենասիրական այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Երկրապահը սահմանում է կազմավորման օրվանից: Կետիկյանը նաև նշեց. «Երկրապահի համար սա սրբազան պարտք է, ամենօրյա գործունեություն: Երկրապահն իր պատանի և երիտասարդ երկրապահական կառույցների միջոցով ռազմահայրենասիրական դաստիարակություն է սերմանում»:
ԵԿՄ վարչության փոխնախագահն ընդգծեց, որ վերջին ակցիաներն ապացուցեցին, որ Զորավար Մանվել Գրիգորյանի հրահանգով 3-4 ժամվա ընթացքում ցանկացած սահմանային դիրքում կարող են հայտնվել միանգամից մի քանի հազար երկրապահ: