«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ. հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ
Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
- Պարոն Փաշինյան, բերձորյան դեպքերից հետո ԱԺ նախագահի ձեւավորած պատվիրակությունը, որի կազմում նաեւ դուք էիք, ԼՂՀ-ում էր: Մինչ այդ, սակայն, իշխող մեծամասնության պատգամավորները մեզ հետ զրույցներում փորձում էին տպավորություն ստեղծել, թե խմբի այցը հատուկ բերձորյան դեպքերի հետ չի կապված: Նման տպավորություն էր նաեւ ձեր այցի կապակցությամբ տարածված պաշտոնական հաղորդագրություններից: Ի վերջո, մանրակրկիտ անդրադարձ եղա՞վ Բերձորի դեպքերին ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ:
- Ուրբաթ օրը երկու պաշտոնական հանդիպում ենք ունեցել: Առաջինը եղել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Արթուր Թովմասյանը: Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ եւ գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել Բերձորի դեպքերին:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի hետ հանդիպումը տեւել է շուրջ երեք ժամ եւ, նույնպես, գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել Բերձորի դեպքերին: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ է փորձ արվում այս իրողությունը շրջանցել, երբ ի սկզբանե բոլորին պարզ էր, որ Բերձորը լինելու է մեր այցի հիմնական թեման: Իհարկե, շաբաթ օրը եղել ենք նաեւ առաջնագծում, Ասկերանի գնդում ներկա ենք գտնվել նորակոչիկների զինվորական երդման արարողությանը, բայց պաշտոնական քննարկումների հիմնական թեման եղել է Բերձորը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Արսեն Արշակյանը նոր պաշտոն ունի
Այսօր ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հրաման է ստորագրել, ըստ որի, Արսեն Արշակյանը նշանակվել է ՏԿ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:
Վերջինս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և գտնվում էր կադրերի ռեզերվում:
***
ՄԱԿ-ը պահանջել է շտապ կարգով հումանիտար զինադադար հայտարարել Ուկրաինայի արևելքում
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հաղորդել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում շարունակվող մարտական գործողությունների հետեւանքով զոհվել են առնվազն 263 խաղաղ բնակիչներ, վիրավորվել՝ եւս շուրջ 700-ը: Վարչության հաշվետվության մեջ նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր Դոնբասում զոհվածների թվաքանակը մոտենում է 5,5 հազարին, վիրավորներինը՝ 13 հազարին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրանում նաեւ նշվում է հարկադիր վերաբնակների թվի աճի մասին. Կիեւի իշխանությունները պաշտոնապես գրանցել են 978 հազար մարդ:
ՄԱԿ-ի վարչությունում Դոնբասի հումանիտար իրադրության վատացում են արձանագրել մարտական գործողությունների ծավալման հետեւանքով: «Ուկրաինայի արեւելքում ռազմաճակատի գծի երկայնքով շարունակվում են խտաբնակ շրջանների համատարած ինտենսիվ գնդակոծումները: Զինված դիմակայության սաստկանալու հետեւանքով շարունակում են գնդակոծել ավտոբուսների կանգառները, հանրային տրանսպորտը, շուկաները, դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու բնակելի շրջանները՝ բացահայտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը»,- նշվում է զեկույցում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ը կոչ է արել շտապ կարգով հումանիտար զինադադար հայտարարել Ուկրաինայի արեւելքում: «Շտապ կարգով անհրաժեշտ է հաստատել հումանիտար հրադադար, որը թույլ կտա շրջափակված քաղաքացիական անձանց հեռանալ վտանգավոր շրջաններից, իսկ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին՝ օգնություն ցուցաբերել բնակչությանը»,- ասված է հաշվետվության մեջ:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում նշել են, որ ներկայում «լրացուցիչ խմբեր են ուղարկվում» օգնության փոխադրման շրջաններ՝ գնահատելու իրադրությունը:
***
Իտալիա. Լամպեդուզայի ափերի մոտ առնվազն 29 գաղթական Է զոհվել
Միջերկրական ծովում առնվազն 29 գաղթական ցրտահարության զոհ Է դարձել Հյուսիսային Աֆրիկայից փրկարարական լաստով դեպի Իտալիա ուղեւորության ընթացքում, որը պատկանում Էր մաքսանենգներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իտալիայի ափամերձ պահպանության ծառայությունը:
Ինչպես նշել են սահմանապահները, չկառավարվող լաստի վրա, որը փետրվարի 8-ին հայտնաբերվել Է Լամպեդուզա կղզուց 160 կիլոմետր հեռավորության վրա, եղել Է առնվազն 100 մարդ:
Հայտնվելով աղետալի վիճակում՝ լաստի վրայի մարդիկ օգնության են դիմել Իտալիայի իշխանություններին՝ օգտվելով արբանյակային հեռախոսից:
Աղետի շրջանում ալիքները հասել են ութ մետրի, ըստ որում ջրի եւ օդի ջերմաստիճանը մոտ Է եղել զրոյին:
Կղզու բուժծառայության ղեկավար Պիետրո Բարտոլոն պատմել Է, որ մարդիկ 18 ժամ անցկացրել են պահակային կատերների բաց տախտակամածերին, որոնք նրանց հասցրել են ցամաք: «Նրանք բոլորը խիստ թրջվել են ալիքների եւ սաստիկ քամու պատճառով»,- հավելել Է նա:
Գաղթականներից ոմանք հիպոթերմիայից մահացել են դեռ լաստի վրա, առափնյա պահպանության ուժերի կողմից փրկվածներից մի քանիսն Էլ մահացել են արդեն հիվանդանոցում:
Վերջին տարիներին Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա են տեղափոխվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը փախել են պատերազմներից եւ հակամարտություններից:
***
Հայաստանի քաղաքացուն կդատեն' Կրեմլում տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրության համար
Ռուսաստանի դատախազությունը Սոչիի հաշտարար դատարան է փոխանցել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ քրեական գործը, որը, գտնվելով Ռուսաստանում, Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին կեղծ ահազանգ է ուղարկել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի մարզի դատախազությանը:
Դեպքը, որից հետո 37-ամյա Առաքելյանը կալանավորվել է, տեղի է ունեցել հունվարի 15-ին:
«Հետաքննության վարկածով՝ ապօրինաբար Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացին, ցանկանալով ուշադրություն գրավել իր վրա, զանգահարել է Ներքին գործերի վարչության Սոչիի հարցերով հերթապահ մասի հեռախոսին և դիտավորյալ կեղծ տեղեկություն հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեղադրյալին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում՝ «Ահաբեկչության ակտի մասին դիտավորյալ կեղծ հաղորդագրություն» հոդվածով:
***
Երկրապահները հիմա էլ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների զորամասերում և դիրքերում են
Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է սահմանաբնակ ժողովրդին, սահմանապահ զինվորին քաջալերելու աշխատաոճը: Արցախի բոլոր զորամասերում, մարտական դիրքերում հանդիպումներից հետո հիմա էլ եռասերունդ երկրապահները Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների զորամասերում և դիրքերում են: Հարյուրավոր պատանի, երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներից կազմված խմբերն այս պահին Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարտական դիրքերում են:
Երկրապահական, հայրենասիրական այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Երկրապահը սահմանում է կազմավորման օրվանից: Կետիկյանը նաև նշեց. «Երկրապահի համար սա սրբազան պարտք է, ամենօրյա գործունեություն: Երկրապահն իր պատանի և երիտասարդ երկրապահական կառույցների միջոցով ռազմահայրենասիրական դաստիարակություն է սերմանում»:
ԵԿՄ վարչության փոխնախագահն ընդգծեց, որ վերջին ակցիաներն ապացուցեցին, որ Զորավար Մանվել Գրիգորյանի հրահանգով 3-4 ժամվա ընթացքում ցանկացած սահմանային դիրքում կարող են հայտնվել միանգամից մի քանի հազար երկրապահ:
***
Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն. Արսեն Արշակյանն այս կարգախոսով է անցնում նոր աշխատանքի
Արսեն Արշակյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փետրվարի 10-ին նախարար Արմեն Երիցյանը հրաման է ստորագրել այդ մասին:
Մինչ այդ Արսեն Արշակյանը ղեկավարում էր Երևանի Ճանապարհային ոստիկանությունը և օրեր առաջ ազատման դիմում էր ներկայացրել:
Նոր նշանակման առնչությամբ Արշակյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանր ու թեթև է արել, մտովի պատկերացրել արդյոք կարող է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով:
Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը' բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը: Հավատարիմ մնալով սկզբունքներիս համեստ ներդրում եմ ունեցել համակարգի կայ ացման հարցում: Շարքային ոստիկանից մինչև ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատար, դժվարին և ուսանելի ճանապարհն անցել եմ պատվով' նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի հրամանով ծառայության եմ անցել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության փրկարար ուժերի վարչությունում: Նույնքան պատասխանատու ծառայություն, որքան և ոստիկանության համակարգում էր: Հուսով եմ կարդարացնեմ բոլոր սպասելիքները:
Հետաքրքիր զուգադիպությամբ 16 տարի առաջ նույն օրը ընդունվեցի ոստիկանության համակարգ:
«Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն»: Սա ԱԻՆ համակարգի ծառայողների կարգախոսն է: Համալրելով իմ գործընկերների շարքերը, հուսով եմ արժանի կլինեմ այդ կարգախոսով առաջնորդվելու պատասխանատվությանն ու փրկարարի բարձր կոչմանը»:
***
Հակոբ Հակոբյանին կալանավայրում զննել է հրավիրված բժիշկը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով կալանավորված է ու գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, բժիշկ է խնդրել:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության քերակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյան ը, Հակոբ Հակոբյանն ասել է, որ իրեն լավ չի զգում, սկզբում նրան զննել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը: «Դրանից հետո նա խնդրեց նաև այլ բժշկի, բժիշկը հրավիրվել է, Հակոբ Հակոբյանը ստուգվել է նորից, ամեն ինչ նորմալ է: Նրա առողջալան վիճակը բավարար է»,-ավելացրեց Գոռ Ղլեչյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին երկու ամսով կալանավորելու Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը: Հակոբ Հակոբյանը կալանավայրում է ապօրինի ձեռնարկատիրություն վարելու համար, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով:
***
Աուտիկների ծնողներն իրենց միայնակ չեն զգում. առաջին տիկինը նրանց կողքին է
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն իր ներկայությամբ պատվեց աուտիկ երեխաների մասնակցությամբ միջոցառումը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի համերգասրահում տեղի ունեցավ 15-ամյա Վարդան Այվազյանի և 13-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանի դաշնամուրային համերգը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Աու տիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամները, հիվանդությունը կրող անձանց աջակցող բարերարները, աուտիկ երեխաներն ու նրանց ծնողները:
Տղաներն իրենց փայլուն կատարումներով հուզեցին բոլոր ներկաներին: Առաջին տիկինը փոքրիկ երաժիշտներին մաղթեց նորանոր բեմեր, ցանկացավ, որ աշխարհում աուտիզմուվ հիվանդ երեխաների թիվը նվազի, իսկ նրանց բարեկամներինը՝ ավելանա:
Վարդանն ու Ռաֆայելը, բացի դաշնամուրին տիապետելուց, կարողանում են նաև երգել: Նրանք անակնկալ մատուցեցին ներկաներին՝ կատարելով մայրիկին նվիրված երգ:
Ռաֆայել Մարտիրոսյանի մայրը շնորահակալութուն հայտնեց ներկաներին՝ նշելով. «Երկար ճանապարհ ենք անցել մեր խնդրի հետ, սկզբում՝ միայնակ, հետո՝ ընկերներով, հետո՝ մասնագետներով, ու մենք կարողացանք մեր երազանքը կատարել. առաջին տիկինը մեզ լսեց, մենք շատ խնդրեցինք, ու նա անտարբեր չգտնվեց մեր նկատմամբ: Արդեն իրար հետ ենք, տեսնում ենք մեր երկրում ինչ-որ ապագա: Մենք առաջ ապրում էինք մեկ օրով, այսօր տեսնում ենք ապագա»,- ասաց նա:
Աշխարհում ապրում է 67 միլիոն աուտիկ: Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և ազդում է ուղեղի նորմալ զարգացման և գործունեության վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Աուտիզմը չորս անգամ ավելի շատ է հանդիպում տղաների մոտ, հիվանդությունը չի ճանաչում ոչ սեռային, ոչ սոցիալական, ոչ ազգային-էթնիկական սահմաններ:
2012 թվականին ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որի նախագահը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: Հիմնադրամը կոչված է լուծելու աուտիզմով երեխաների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն, զբաղվածության խնդիրները, նպաստել նրանց կյանքի բարելավմանը, օգնել նրանց վարել լիարժեք ու բովանդակալից կյանք:
Հայաստանում պետության ֆինանսավորումը հնարավորություն տվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամին» իր ծրագրի շրջանակներում 2014-ին հիմնել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը: Կենտրոնում 100-ից ավելի երեխաներ ստանում են թերապևտիկ շտկողական ծառայություններ:
Հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը՝ հույժ անհրաժեշտ դարձավ դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի ստեղծումը: Ծրագիրն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվել է ևս մեկ շենք, որը 70 դեռահասի թույլ կտա ստանալ ուսում, տիրապետել որևէ արհեստի, համակարգչային հմտություններ ձեռք բերել: