Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


- Պարոն Փաշինյան, բերձորյան դեպքերից հետո ԱԺ նախագահի ձեւավորած պատվիրակությունը, որի կազմում նաեւ դուք էիք, ԼՂՀ-ում էր: Մինչ այդ, սակայն, իշխող մեծամասնության պատգամավորները մեզ հետ զրույցներում փորձում էին տպավորություն ստեղծել, թե խմբի այցը հատուկ բերձորյան դեպքերի հետ չի կապված: Նման տպավորություն էր նաեւ ձեր այցի կապակցությամբ տարածված պաշտոնական հաղորդագրություններից: Ի վերջո, մանրակրկիտ անդրադարձ եղա՞վ Բերձորի դեպքերին ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ:

 

- Ուրբաթ օրը երկու պաշտոնական հանդիպում ենք ունեցել: Առաջինը եղել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Արթուր Թովմասյանը: Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ եւ գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել Բերձորի դեպքերին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի hետ հանդիպումը տեւել է շուրջ երեք ժամ եւ, նույնպես, գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել Բերձորի դեպքերին: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ է փորձ արվում այս իրողությունը շրջանցել, երբ ի սկզբանե բոլորին պարզ էր, որ Բերձորը լինելու է մեր այցի հիմնական թեման: Իհարկե, շաբաթ օրը եղել ենք նաեւ առաջնագծում, Ասկերանի գնդում ներկա ենք գտնվել նորակոչիկների զինվորական երդման արարողությանը, բայց պաշտոնական քննարկումների հիմնական թեման եղել է Բերձորը:


- Բերձորի միջադեպից հետո շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո՝ Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե ոչ…

 

- Ստեփանակերտում կա հստակ դիրքորոշում, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ: Այս դիրքորոշումը հիմնված է ընկալման վրա, որ եթե մենք արդեն ավելի քան 20 տարի վարում ենք ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականություն, չի կարելի Ղարաբաղը Հայաստանի մարզ կամ շրջան անվանել, որովհետեւ դրանով մենք ակամա թուլացնում ենք ԼՂՀ միջազգային ճանաչման հնարավորությունները: Այո՛, Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ՝ մեր ռազմավարական նպատակն է, բայց եթե Ղարաբաղը հռչակվել է անկախ պետություն, ունի Սահմանադրություն, դրոշ, զինանշան, նախագահ, օրենսդիր եւ գործադիր մարմիններ, մենք ուղղակի պարտավոր ենք հարգանքով վերաբերվել այս փաստին, հաշվի նստել այս իրողության հետ:


- Սոցիալական ցանցերում ոմանք ասում են, որ եթե Ղարաբաղը անկախ պետություն է, մեր երեխաները ինչո՞ւ են այնտեղ ծառայում:

 

- Հայաստանի զինվորները ծառայում են նաեւ Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում, ծառայել են նաեւ Իրաքում:

 

Ամերիկացի զինվորները ծառայում են նաեւ Լիտվայում եւ Ճապոնիայում, բայց դա չի նշանակում, թե այդ երկրները անկախ պետություն չեն: Նման դեպքեր կարելի է տասնյակով հիշել: Մյուս կողմից՝ ինձ համար հստակ է, որ Աղդամում կանգնած զինվորը ոչ միայն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին է պաշտպանում, այլեւ՝ Երեւանն ու երեւանցիներին: Ես կասեի՝ առաջին հերթին Երեւանն ու երեւանցիներին, մեզ բոլորիս: Չնայած սրան՝ համամիտ եմ, որ մենք՝ Հայաստանում գործող քաղաքական ուժերս, չպետք է մեր քաղաքական գործունեության թատերաբեմ դարձնենք Ղարաբաղը: Իհարկե, Ղարաբաղի իշխանություններն էլ չպետք է Հայաստանի քաղաքական կյանքին միջամտող գործոն դառնան: Եւ ես ուրախ եմ, որ այսպիսի շեշտադրումներ հնչում են նաեւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: Սա չափազանց կարեւոր է:


- Այս օրերին մարդիկ հարցնում են նաեւ, թե հնարավո՞ր է, որ մեր զինվորների նկատմամբ Ղարաբաղում վերաբերմունք փոխվի, սկսեն վատ վերաբերվել նրանց:

 

- Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ եղել եմ հայ-ադրբեջանական շփման գծի դիրքերում, զորամասերում, շփվել զինվորների հետ: Անկեղծ ասած, տպավորությունս միշտ եղել է այնպիսին, որ Ղարաբաղում նրանք զգում են ինչպես տանը: Եղել եմ նաեւ Տավուշի մարզի առաջնագծում եւ նույնիսկ փոքր նշան չեմ տեսել այն բանի, որ Աղդամի առաջնագծի մեր զինվորները պակաս ինքնավստահ են, քան Մովսեսի առաջնագծի տղաները: Իմ ողջ գիտակցական կյանքում ընդդիմադիր եմ, այդ թվում՝ խստագույն քննադատության եմ ենթարկում գործիչների, ովքեր ծագումով ղարաբաղցի են, Ղարաբաղում մեծ կապեր եւ նույնիսկ մեծ թվով համախոհներ ունեն: Բայց, անկեղծ ասած, Ղարաբաղում, Ստեփանակերտում ինձ միշտ զգացել եմ ինչպես տանը, ինչպես՝ Հայաստանի ցանկացած այլ վայրում կզգայի: Եւ եթե Բերձորից հետո Ղարաբաղում Երեւանից եկած զինվորների, զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն լինի, դա կարող է լինել միայն դրական ուղղությամբ, որովհետեւ այսօր յուրաքանչյուր ղարաբաղցի խնդիր ունի ապացուցելու, որ Բերձորում տեղի ունեցածը իրենց այցեքարտը չէ:

 

Մանրամասները` այստեղ: