Մենք ելնում ենք այն փաստից, որ, անկասկած, ներքին հռետորաբանություն կա, եւ կան ներքին դրույթներ, որոնք արտացոլում են քաղաքական կուսակցությունների, շարժումների կարծիքը. հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ում խնդրել են հայտնել Մոսկվայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի վերաբերմունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղին առնչվող հայտարարություններին, ինչպես նաեւ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է:
«Բայց կա խաղաղ գործընթաց, որում կան նաեւ գործընթացի մասնակիցներ, խաղաղ կարգավորմանը հասնելու միջազգային ջանքեր: Եվ, անկասկած, մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստի շրջանակում լինեն: Բանակցային գործընթացում միշտ անչափ դժվար է վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դարձել եւ դառնում են այդպիսի «կռվախնձոր» եւ լրացուցիչ հարցեր առաջացնում, կամ, այսպես ասած, բանակցային փխրուն գործընթացի հավասարակշռությունը խախտում: Մենք, ցավոք, այդպիսի հայտարարություններ լսել ենք եւ շարունակում ենք դրանց բախվել տարբեր կողմերից տարբեր մակարդակներում: Շատ կցանկանայի, ներքաղաքական գործընթացների հանդեպ ամբողջ հարգանքով, ըմբռնմամբ հանդերձ, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունենան ոչ թե ուղղակի արտահայտվել ցանկացած թեմայով, այլ ձեւավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, բայց շատ եմ ցանկանում, որ այս բոլոր կողմերը ելնեն գլխավորից՝ արագ կերպով խաղաղ կարգավորմանը հասնել եւ բոլոր ռեսուրսները դրան ուղղել»,- ասել է Զախարովան:
Նա նաեւ նշել է, որ գործընթացը բարդ է, երկարատեւ, սակայն ավելի արագ շարժվելու անհրաժեշտության ընդհանուր ընկալում կա, իսկ դրա համար հայտարարությունները եւս պետք է համապատասխանեն եւ նպաստեն ահա այս գլխավոր նպատակին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթը սկսել էր «Միացում» վանկարկմամբ, այնուհետեւ իր 1,5 ժամ տեւած ելույթում նաեւ արձանագրել էր, որ Արցախը Հայաստան է, եւ այս հարցում չի կարող լինել երկու կարծիք: