Այս տարվա հունվարից ավելացել է Հայաստան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են միության ապրանքի կարգավիճակ:

 

Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունից ապրանքներ ներկրելու դեպքում ներմուծման մաքսատուրքեր չեն կիրառվում երեք խումբ ապրանքների մասով: Առաջին' միության անդամ երկրների տարածքներում ամբողջությամբ արտադրված ապրանքները, երկրորդ' միության տարածք ներմուծված և Միության մաքսային օրենսգրքին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան կարգավիճակ ստացած ապրանքները, և երրորդ' այն ապրանքները, որոնք պատրաստվել են Միության անդամ պետությունների տարածքներում պատրաստված ապրանքներից կամ օտարերկրյա, և ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ: