Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը, ուստի այս հարցի շուրջ երկկողմ բանակցություններն առջևում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Վլադիմիր Պուտինի՝ Երևան հնարավոր այցի մասին հարցին, գրում է Life.ru-ն։
«Միջազգային այս կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասաբար անդրադառնալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից, այս հարցը դեռ պետք է լուծվի։ Երկկողմ երկխոսության շրջանակներում մենք վճռական ենք դա անել»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։ Կրեմլն արդեն հույս է հայտնել, որ Հայաստանի որոշումը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա։ Ի դեպ, 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վստահեցրել է, որ իր լիազորությունները թույլ չեն տալիս երկրի տարածքում կալանքի որոշում կայացնել։