«Կրթություն» շաբաթաթերթի խմբագիր Գագիկ Մինասյանը որևէ արտառոց բան չի տեսնում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով HSBC բանկում հաշվեհամար գոյություն ունի: Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դրանում որևէ արտառոց բան չկա' մանավանդ, որ Մայր Աթոռի մամուլի խոսնակը պարզաբանում տվել է: «Եղավ պարզաբանում, որ այդ հաշվեհամարը բացվել է դեռևս Գարեգին Ա կաթողիկոսի օրոք, իսկ հետո այն փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին: Ուստի ես անիմաստ եմ համարում այն աղմուկը, որ բարձրացավ այս հարցի շուրջ: Ասեմ ավելին, ես կցանկանայի, որ այդ հաշվեհամարի վրա լիներ ոչ թե 1 միլիոն, այլ 1 միլիարդ դոլար գումար: Որովհետև ինձ համար շատ էական է, թե այդ գումարն ի՞նչ ուղղություններով է ծախսվում, ինչի՞ վրա է ծախսվել, բարիք բերե՞լ է մեր ժող ովրդին, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

 

Բանախոսի կարծիքով՝ այս դեպքում պարզապես ոչնչից աղմուկ է առաջացել: «Եվ ինձ համար՝ որպես հայ մարդու, որպես քրիստոնյայի, վիրավորական է, որ այդ հարցն այսպես հրատապություն և հասարակական հնչեղություն ձեռք բերեց, որովհետև ոչ մի արտառոց բան ես այդտեղ չեմ տեսնում: Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, ծանոթ ենք մեր եկեղեցու պատմությանը, գիտենք, որ մեր եկեղեցին կուսակրոնական հիմունքներ ունի և այս առումով եկեղեցու ցանկացած սպասավոր՝ վարդապետից մինչև Վեհափառ Հայրապետ, որևէ ժառանգականության իրավունք չունի, նրանք կուսակրոն են, և իրենց ամբողջ ունեցվածքը պատկանում է եկեղեցուն»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:

 

Նա նշեց, որ Վեհափառ Հայրապետը, եկեղեցու կանոնադրության համաձայն, տնօրինում է իր ունեցվածքը և այն հատկացնում տարբեր բարեգործական, եկեղեցաշինական նպատակների իրագործմանը: «Այլ բան, եթե մենք ունենանք փաստ, որ այդ ծախսերը եղել են ոչ տեղին, որ դրանք եղել են ինքնանպատակ, եղել են անձնօգուտ: Իսկ այն, որ կա նման հաշվեհամար, դա կարող է լինել ոչ թե մի բանկում, այլ մի քանի բանկերում: Կարող են այդ գումարները տարբեր երկրներում լինել՝ տարբեր ապահովագրման սկզբունքների հիման վրա: Կրկնում եմ, ես այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, իսկ բարձրացած աղմուկը համարում եմ անտեղի»,- շեշտեց Մինասյանը:

 

Անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը նախ նկատեց, որ բոլորի համար էլ պարզ է, որ այդ հաշվեհամարը գաղտնի չի եղել: «Եթե ինչ-որ անձանց համար, ովքեր չեն հետաքրքրվում, գաղտնի է եղել, դա այլ հարց է, սակայն որ եկեղեցական հանրության համար դա բացահայտ է եղել և չունի մեկ կամ երկու տարվա պատմություն, փաստ է: Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչի համար այսքան աղմուկ բարձրացավ»,- ընդգծեց նա:

 

Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ հաշվեհամարը բացվել է հարկերից չարամտորեն խուսափելու նպատակով՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ եկեղեցին ազատված է հարկերից, ուստի նման խոսակցություններն անհիմն են:

 

Իրավաբանի խոսքով՝ հաշվեհամարում կատարվող գործարքը ինքնին կարող էր համարվել կասկածելի, քանի որ եթե որևէ մեկը ծանոթ չէ մեր երկրի օրենսդրությանը և տեսնում է, որ շարժ չի կատարվում, հարկային պահումներ չեն լինում, կարող էր դա համարել կասկածելի գործարք: «Սակայն անհասկանալի են խոսակցությունները, որոնց տրամաբանությունը տանում է նրան, թե հաշվեհամար ունենալը, անձի կողմից հաշվեհամար բացելն արդեն իսկ իրավախախտում է: Եվ եթե ինչ-որ մի համակարգչային մասնագետ էլ քաշել և հրապարակել է այդ բանկում հաշվեհամար ունեցող անձանց հաշիվների մա սին տեղեկատվությունը և հրապարակել է դրանք, չի նշանակում, որ դրանք նախկինում գաղտնի են եղել կամ կասկածելի գործարքներ են»,- ընդգծեց Դանիելյանը:

 

Իրավաբանն անդրադարձավ նաև հարցադրումներին, թե այդ հաշվեհամարն ինչու՞ է բացվել անձի, ոչ թե կազմակերպության անունով: Նա ընդգծեց, որ կազմակերպության անունով ևս հաշվեհամարներ կան բացված նաև Հայաստանում, և այստեղ որևէ խնդիր չկա: «Այստեղ ավելի կարևոր է այն հարցը, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, նպատակային են իրականացվում ծախսերը, թե ոչ»,- նկատեց նա:

 

Իսկ թե որն է պատճառը, որ Վեհափառ Հայրապետի անունով հաշվեհամարը բացվել է շվեյցարական, այլ ոչ թե հայկական բանկում, իրավաբանը նկատեց, որ հաշվեհամարը բացվել է դեռ այն տարիներին, երբ Հայաստանում բանկային համակարգը կայուն չի եղել, իսկ տվյալ դեպքում հաշվեհամարին գումարներ փոխանցող անձինք, ովքեր հիմնականում սփյուռքահայեր են, պետք է վստահ լինեն, որ իրենց հատկացրած գումարները ապահով տեղում են:

 

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակման համաձայն' Գարեգին Բ կաթողիկոսը բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.: