Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում բացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացմանը ներկա են գտնվել նախարար Սերգո Կարապետյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Սա արդեն երկրորդ անասնաբուժական կենտրոնն է, որը շահագործման է հանձնվում այս ծրագրի շրջանակում, և մենք առաջիկայում նախատեսում ենք հանրապետության բոլոր մարզերում նմանատիպ կենտրոններ հիմնել: Կենտրոնը մարզի անասնապահության զարգացմանն ուղղված կարևոր օժանդակություն է տեղի ֆերմերներին և առաջարկում է բարձրորակ խորհրդատվական ծառայություններ, ինչն, անկասկած, մեծապես կնպաստի գյուղացիական տնտեսությունների գործունեությունն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելուն»,- նշել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ այդ կենտրոնների տեխնիկական և մասնագիտական կարողությունները թույլ են տալիս դրանք վերածել տարածաշրջանում մասնագիտական զարգացմանն ու բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնող կենտրոնների: Դրանք նաև ընդգրկում են մատուցվող ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում' անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն Ö ‡ ուսուցողական դասընթացներ:
Կենտրոնում շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարը և Սյունիքի մարզպետը ուղևորվել են Գորիսի քաղաքապետարան, որտեղ մասնակցել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հրավիրված մարզային խորհրդակցությանը: Այնտեղ նախարարը նշել է, որ մարզում առկա է անասնաբուծության զարգացման ընդարձակ ներուժ և անհրաժեշտ է միայն համապատասխան քայլեր ձեռնարկել ինչպես տավարի, այնպես էլ ոչխարների և այծերի գլխաքանակի ու մթերատվության ավելացման ուղղությամբ:
Կարևորելով մարզում անասնապահության ճյուղի զարգացումը' Սերգո Կարապետյանն ընդգծել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC 1) դրական արդյունքները: Նրա խոսքով' ծրագրի շրջանակում մարզում հիմնվել են 17 գյուղացիական կոոպերատիվներ, տրամադրվել են 24 անիվավոր տրակտոր և 100 այլ սարքավորումներ:
Կարապետյանի դիտարկմամբ' մարզում դեռևս բարձր է գյուղտեխնիկայի մաշվածության աստիճանը: Այս խնդրի լուծման նպատակով պետությունը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրում է տեխնիկա' ուղղակի վաճառքի, ինչպես նաև լիզինգի միջոցով տարեկան' 9 տոկոս տոկոսադրույքով, 20 տոկոս կանխավճարով, 6 տարի մարման ժամկետով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ոռոգման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցը: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ' այս պահին վերջին աշխատանքներ են տարվում համակարգը նախապատրաստելու ուղղությամբ' մարտից 1-ից գյուղացիական տնտեսություններին կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Նախարարը անդրադարձել է նաև Սյունիքի մարզում անտառկառավարման ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ կարևորելով ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարի ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ առավել հետևողական մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը: