Եզդի երիտասարդներն արդեն հնարավորություն ունեն իրենց մայրենի լեզվով դասընթացներ անցնել նրանց համար բացված լեզվի ուսուցման կենտրոնում: Երևանի բրիտանական դեսպանատան և «Սինջար» Եզդիների ազգային միության համատեղ ջանքերով, օգոստոսի 1-ին, Երևանում տեղի է ունեցել եզդիերենի ուսուցման կենտրոնի բացման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Միացյալ Թագավորությա ն դեսպանատան ֆեյսբուքյան էջից, կենտրոնը լեզվի և պատմության հինգամսյա դասընթացներ կանցկացնի 8-14 տարեկան եզդի երեխաներին:
Կազմակերպությունն արդեն տպել և հրապարակել է հատուկ հայ-եզդիերեն բառարան, որը կօգնի աշակերտներին ուսուցման գործընթացում:
«Մենք մեծապես արժեվորում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը երաշխավորող ծրագրերը, և այս նախաձեռնությունը մեկն է նրանցից, որ աջակցում է եզդիական համայնքին' պաշտպանելու իրենց ազգային ինքնությունը, մշակույթը, լեզուն ու ավանդույթները: Հայ-եզդիերեն բառարանի ստեղծումը ծրագրի առաջին և մեծապես հաջողված արդյունքներից մեկն է»,- ուսուցողական կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է ՄԲ փոխդեսպան Ամիաս Մուրսը: