2012 թվականի հունվարին խորտակված Costa Concordia զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն դատապարտվել է 16 տարվա բանտարկության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս որոշումը փետրվարի 11-ին ընդունել է առաջին ատյանի դատարանը՝ ավարտելով Իտալիայի Գրոսետո քաղաքում գրեթե երեք տարի տեւած դատավարությունը:

 

Սկետինոն մեղավոր է ճանաչվել 32 մարդու չկանխամտածված սպանության մեջ, որոնք զոհվել են նավի խորտակման հետեւանքով, ինչպես նաեւ այն բանում, որ լքել է նավը նախքան դրա վրա եղած բոլոր մարդկանց տարհանումն ավարտել է:

 

Բացի այդ, դատարանը նախկին նավապետին դատապարտել է նյութական խոշոր փոխհատուցում վճարելու մեծ խումբ ուղեւորների եւ հսկայական տուգանքներ՝ մի շարք պետական հաստատությունների ու կազմակերպությունների:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Սկետինոյի փաստաբանները փորձում էին ապացուցել, որ մարդկանց զոհվելու պատճառ է դարձել ոչ թե վթարի բուն փաստը, այլ զբոսանավի անվտանգության համակարգի անսարքությունը:

 

Սկետինոն ինքը մեղադրյալի իր վերջին խոսքում հայտարարել է, թե ինքը «տնտեսական շահերի զոհ» է դարձել, եւ դատարանի առաջ պետք է կանգներ ոչ թե միայն ինքը, այլ մի ամբողջ «կազմակերպություն», որը չէր պահպանում անվտանգության նորմերը:

 

Իտալիայի դատախազությունը Ֆրանչեսկո Սկետինոյի համար պահանջում էր 26 տարվա բանտարկություն: Դատախազների մեղադրական ճառն ընդհանուր առմամբ տեւել է ավելի քան 11 ժամ: Մեղադրողների կարծիքով՝ տեղի ունեցածի համար մեղավոր է բացառապես Սկետինոն, որը ոչ միայն չի կարողացել ապահովել իրեն վստահված մարդկանց անվտանգտությունը, այլեւ ստեղծել է բոլոր պայմանները աղետի համար: Ընդ որում դատախազ Ալեսանդրո Լեոպիցին նշել է, որ զբոսանավը սարքին վիճակում է եղել, իսկ աղետը հրահրել են Սկետինոյի ոչ պրոֆեսինոալիզմը եւ սխալը, ով ճիշտ չի գնահատել երթուղու կոորդինատները: