Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուահամմադ Ջիհադ ալ Լահհամն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման և շփումների աշխուժացման հետ կապված հարցեր: Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ հայ համայնքը թե անցյալում, թե ներկայում գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

 

Անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական ճգնաժամին՝ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը կարևորել է Մերձավոր Արևելքում ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը՝ նշելով, որ այդ չարիքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար:

 

Սիրիայի խորհրդարանի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող ձեռնարկների ծրագիրը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի: