Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին' հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս է հայտնել, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում իր երկրի համար։ Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը' բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանը նախարար Նալբանդյանին է փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիի ողջույններն ու բարեմաղթանքները։

 

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության շրջանակներում:

 

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերափոխելով համագործակցության և զարգացման նախագծերի։

 

Երկուստեք կարևորվել է 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։

 

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը, անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

 

Նախարար Նալբանդյանն ԱԳՆ աջակցությունն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության իրականացման գործում: