Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերը հուլիսի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն առաքելության իրականացման ընթա ցքում՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Քիեսլերն իր գործունեությամբ կնպաստի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

 

 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր առավելագույն ջանքերը կներդնի հայ-գերմանական բազմաոլորտ համագործակցության առավել սերտացմանը։

 

 

Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակով փոխայցելությունները, շուրջ 60 երկկողմ փաստաթղթեր ներառող իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցությանը: Կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը:

 

 

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին անկախությունից ի վեր Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

 

 

Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումները' նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

 

 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը:

 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։

 

 

Դեսպան Քիեսլերի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։