Ադրբեջանի իշխանությունները ավանդույթ դարձրած եւս մեկ հակամարդկային քայլ են կատարել: Ադրբեջանի ռազմական դատախազությունը կեղծ մեղադրանքներով քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի նկատմամբ, ով անհայտ հանգամանքներում գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական մամուլը, Ադրբեջանի ռազմական դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԼՂՀ ՊԲ նախկին զինծառայողի դեմ, ում դատախազությունը ներկայացրել է որպես «հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, գործող զինծառայող», քրեական գործը հարուցվել է «հանցագործ խմբավորման-կազմակերպությանը մասնակից լինելու», «կազմակերպված հանցագործ խմբի կողմից կանխամտածված մարդ սպանելու փորձի», «ազգային, ռասայական, կրոնական, ատելության կամ թշնամական նպատակով միտումնավոր մարդ սպանելու փորձի», «սադրիչ, այսինքն՝ կազմակերպված խմբի կողմից Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը թուլացնելու նպատակով պետական, հասարակական հաստատությունները, ճանապարհները, կապի միջոցները վերացնելու, կամ վնասելու համար պայթյուններ, հրդեհներ և այլ գործողություններ իրագործելու փորձի» կեղծ մեղադրանքներով: Արսեն Բաղդասարյանը կալանավորվել է:

 

 

Ադրբեջանի ռազմական դատախազությունը Արսեն Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործը իբր «հիմնավորել» է նրանով, որ նա, 2014 թվականի դեկտեմբերի 26-ին մոտ ժամը 15-ին, իբր, «գաղտնի կերպով» հատել է Մարտակերտի շրջանում զորքերի շփման գիծը, և Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական դիրքերում իր հետ բերած «ֆուգաս» տեսակի 7 ականներից երեքը տեղադրելուց հետո հետ վերադառնալու ժամանակ բռնվել է Ադրբեջանի ԶՈւ «աչալուրջ» զինծառայողների կողմից, իսկ նրա տեղադրած ականները «վնասազերծվել» են:

 

 

Ծիծաղելիորեն անտրամաբանական և անգրագետ կազմված այդ «մեղադրականում» նշվում է նաև, որ գործով տարվող քննությամբ «միջադեպի վայրում, Ա.Բաղդասարյանի մոտից առգրավված դանակի և այլ առարկաների, հողում թաղված ականներից մեկի, ինչպես նաև երկու ականների պայթեցվելով վնասազերծվելու վայրում զննում է անցկացվել, կատարվել է դատաբժշկական, դատական հոգեբուժական և հոգեբանական, պայթուցիկ տեխնիկայի համալիր փորձագիտություն, հարցաքննվել են վկաներ»:

 

 

ԼՂՀ ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: