Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը և մահացել:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ'ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

 

 

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: