Հայաստանի օրենսդրությունը շատ է նպաստում ամուսնալուծությունների քանակի ավելացմանը, քանի որ անչափ հեշտացված է դրանց ընթացակարգը: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին տեղեկացրեց ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիաննա Բալյանը:

 

 

Նրա խոսքով' եթե հայցվորը դիմում է դատարան, ապա հայցում նա կարող է նշել, որ հայցվորնու պատասխանողը իրար չեն հասկանում և դատարանին խնդրում են ամուսնալուծել: Դատարանը տալիս է 1-3 ամիս ժամանակ, որի ընթացում դատավորը տալիս է նաև հաշտության համար գալու ժամկետ: Կողմերը այդ ընթացքում դիմում են փաստաբանին՝ ալիմենտ ստանալու և գույքի բաժանման հարցերով:

 

 

«Եթե այդ ընտանիքը դեռ ուներ հաշտվելու հնարավորություն, ապա գույքի բաժանման ընթացքը ավելի է սրում կոնֆլիկտային իրավիճակը և հնարավոր չի լինում վերականգնել հարաբերությունները», - պարզաբնեց Լիաննա Բալյանը:

 

 

Փաստաբանը հավելեց, որ օգոստոսին նա դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի Ընտանեկան օրենսգրքում դրույթ ներառվի ամուսնալուծության գործերում երրորդ անձի՝ հոգեբանի ներգրավելու վերաբերյալ: «Դա անհրաժեշտ է, քանի որ շատ դեպքեր են եղել, երբ հայցվորը դիմել է ամուսնալուծվելու համար, իրավաբանին ներկայացրել իր խնդիրները: Իրավաբանը չի շտապել թղթերը ներկայացնել դատարան, և ադրյունքում' որոշ ժամանակ հետո հայցվորը հրաժարվել է դիմել ապահարզանի: Եվ եթե նա հանդիպեր հոգեբանի, ապա չէր դիմի ամուսնալուծման», - նկատեց Լիաննա Բալյանը:

 

 

Նա անդրադարձավ նաև նշված գործերում փաստաբանի շահերին: «Հոգեբանի ներգրավումն ամուսնալուծության գործերում չի բխում փաստաբանների շահերից, քանի որ նրանց դիմում են ամուսնալուծության և գույքի բաժանման ընթացքում, իսկ հոգեբանը, աշխատելով երկու կողմերի հետ, կարող է կանխել ամուսնալուծությունը»,- նշեց Լիաննա Բալյանը' հավելելով, որ հոգեբանի առաջնային առաքելությունը նման դեպքերում հենց դա է:

 

 

Նա, ներկայացնելով իր աշխատանքային փորձը, նշեց, որ հոգեբանի աջակցության շնորհիվ ապահարզան են ստացել ամուսնալուծվելու մտադրություն ունեցող զույգերի միայն 5%-ը:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն' 2014թ.-ին Հայաստանում նախորդ տարվա համեմատ 15%-ով աճել է ամուսնալուծությունների քանակը: Եթե 2013 թ. դրանց թիվը կազմում էր շուրջ 3400, ապա 2014 թ.' 3900: