ԱՄՆ Բոյլեր համալսարանի կրոնի պատմության դոցենտ, քահանա Քրիստիան վան Գորդերը Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդված է հրապարակել WacoTrib.com կայքում' կոչ անելով ամերիկյան հասարակությանն ու իշխանություններին պատասխանտվության կանչել 1915 թվականին հայերի կազմակերպված բնաջնջումը ժխտող թուրքական պետությանը: Հիշեցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը' հեղինակը դատապարտել է ամերիկյան կառավարությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար:

 

«Պատմական փաստերը չպետք է ներգրավվեն քաղաքական խաղերի մեջ»,- նշում է ամերիկացի պրոֆեսորը' նկատելով, որ ԱՄՆ-ն աչք է փակում թ ուրքական կեղծավոր, ժխտողական քաղաքականության վրա, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է և ամերիկյան հսկայական օդային ռազմաբազա է տեղակայված Թուրքիայի տարածքում:

 

«Մեզնից ոչ ոք ի վիճակի չէ լուծել աշխարհի խնդիրները, սակայն յուրաքանչյուրը կարող է իր ներդումն ունենալ փոփոխություն մտցնելու գործում: Բոլորս կարող ենք աղոթել և խոսել նրանց փոխարեն, ովքեր չեն կարողանում»,- նշում է հեղինակը և կոչ անում բոլորին կապվել իրենց օրենսդիրների և ԱՄՆ Նախագահ Օբամայի հետ' պաշտպանելու Սիրիայում, Իրաքում և մյուս մուսուլմանական երկրներում իրենց կրոնի և դավանանքի համար տառապողներին: «Հիշեք 1.5 մլն հայ քրիստոնյաների ցեղասպանությունը և պնդեք, որ իրենց ցեղասպանական պատմության մռայլ փաստը ժխտողները պատասխանատվության ենթարկվեն»,- ամփոփում է հոդվածագիրը:

 

Հոդվածին կից կայքը տեսանյութեր է տեղադրել, Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանի փողոցներում տասներկու տարի անընդմեջ իրականացվող բողոքի ցույցերի մասին, որ հարյուրավոր մարդիկ պահանջում են ԱՄՆ կառավարությանը ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և վանկարկում. «Ամո´թ Թուրքիային»:

 

Տեսանյութում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամերիկահայ անդամ Փոլ Գրիգորյանը նշում է, որ մարդիկ շարունակում են փողոցներ դուրս գալ, քանի որ սա ոչ թե պատմական խնդիր է, այլ քանի որ Թուրքիան շարունակում է հերքել և ժխտել հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը: