ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 12-ին պաշտպանության ոլորտում ընթացող հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվել են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:
Էվելին Ֆարկասը հավաստիացրել է, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, ինչպես նաև կրթության ու վարժանքների միջոցով Միացյալ Նահանգները շարունակելու են Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ խաղաղապահ գործողություններում մասնակցելու համար ունակությունների բարձրացման և պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ: