Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ճիշտ քայլ է համարում ՀՀ ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Միաժամանակ, Դաշնակցությունում կարծում են, որ այս հարցում Հայաստանը պետք է գնա մինչև վերջ և հետ վերցնի ստորագրությունը նաև արձանագրություններից:

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Առաջին իսկ օրվանից Դաշնակցությունը դեմ էր հայ-թուրքական արձանագրություններին և դրանց նախաստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան չի ցանկանում առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություն հաստատել, մենք կոչ ենք արել Նախագահին ստորագրությունը հետ վերցնել արձանագրություններից:

 

 

ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու նախաձեռնությունը ողջունելի քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ Նախագահի նամակի մեջ ներկայացված հիմնավորումները բավական է ին, որ Հայաստանը ստորագրությունները հետ վերցնի արձանագրություններից, այլ ոչ միայն հետ կանչի խորհրդարանից: Ճիշտ ուղղությամբ քայլ լինելով հանդերձ, անհրաժեշտ է գնալ մինչև վերջ»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

 

 

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում նույնպես դրական են գնահատում հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանից հետ կանչելու Նախագահի նախաձեռնությունը: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը շեշտում է, որ հատկապես կարևոր է, որ քայլն արվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

 

 

«ՍԴՀԿ-ն բազմիցս քննադատել է հայ-թուրքական արձանագրությունները: Մենք կարծում ենք, որ Ցյուրիխում արձանագրությունների նախաստորագրումը հետքայլ էր: Նաև վերջին 6 տարիների ընթացքում բազմիցս հնարավորութուն ենք ունեցել հորորելու օր առաջ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, երբ պաշտոնական Անկարան բազմիցս ցույց տվեց, որ ոչ միայն պատրաստ չէ, այլև չի ցանկանում որևէ կերպ հայ-թուրքական հարաբերություններում սառույցի հալումը:

 

 

Խոսքը չի վերաբերում միայն Ցեղասպանության խնդրին, այլև Արցախի մասին հայտարարություններին, Ադրբեջանին տրամադրվելիք օգնությանն ու հակահայկական քարոզչությանն ամբողջ աշխարհում: Հետևաբար, Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը գնահատում ենք դրական, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ողջունելի քայլ է, որովհետև չէինք կարող ապրիլի 24-ին մոտենալ, մեր զոհերի հիշատակը հարգել, երբ ունենք նմանատիպ հարևան և նմանատիպ տխրահռչակ արձանագրություններ: Դա ճիշտ չէր լինի մեր կողմից, և ամբողջ աշխարհը մեզ չէր հասկանա»,- ասաց Նարեկ Գալստյանը: