Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետո կանչելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը թուրքական կողմն առաջին արձագանքն է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյաները որոշումը որակ ել են որպես «սխալ և անհաջող քայլ»: «Արձանագրությունները սառեցված էին Հայաստանի խորհրդարանում, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկվում: Սրանք անկեղծությունից հեռու մոտեցումներ են»,- թուրքական պարբերականին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

 

Փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նախագահը նշել է, որ արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից եւ այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

 

«Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը: Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

 

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»,-ասված է նախագահի նամակում: