Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից։ Երեք պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները խելամտություն ունեցան ստորագրելու փաստաթուղթը, որպեսզի դադարեցնեն արյունահեղությունը և անցնեն խաղաղ երկխոսության։ Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով էլ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Այս մասին նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանն իր խաղաղապահներին բերեց Լեռնային Ղարաբաղ՝ խաղաղ կյանք հաստատելու, փախստականների վերադարձը հեշտացնելու և համաձայնագրի կողմերի միջև վստահությունը վերականգնելու համար։ Այսօր, ըստ ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակի, հիմնական խնդիրն այն է, որ սահմանը սահմանազատվի այնպես, որ ոչ ոք ռազմական գործողությունները վերսկսելու ցանկություն չունենա։
«Ռուսաստանը օգնություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները ՊՆ-ում միայն մենք ենք պահպանում։ Դրանք ճշգրտված են և սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահմանները: Այդ քարտեզների հիման վրա կարելի է վստահորեն բանակցություններ վարել, և Հայաստանն ու Ադրբեջանը սատարում են այս մոտեցմանը։ Կա ըմբռնում և համաձայնություն, բայց գործընթացը դանդաղ է ընթանում»,֊ասել է Մատվիենկոն։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ընդլայնվում համաշխարհային հանրությունը, և միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նեղ իմաստով այժմ անհնար է առանձին խոսել մեր տարածաշրջանի երկրներից որևէ մեկի զարգացման մասին, ինչ-որ փոխկապակցվածություն և համագործակցություն է պահանջվում։ Այս ամենն անհնար է առանց խաղաղության հաստատման»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Գաֆարովան։