Սպառողների վստահության ցուցանիշը 2014 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների աճից հետո, չորրորդ առամսյակում նվազել է 3 տոկոսային կետով: Ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 4.3 տոկոսային կետով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կենտրոնական բանկից, ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշներից ամենամեծ անկումն արձանագրել է տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի ցուցանիշը՝ շուրջ 7 տոկոսային կետ, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը՝ շուրջ 5 տոկոսային կետ:

 

Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ գրանցելով շուրջ 50 արժեք: Ապագա պայմանների ցուցանիշը նվազել է 1.9 տոկոսային կետով: Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը վերադարձել է երկրորդ եռամսյակի ցուցանիշի արժեքին՝ նվազելով շուրջ 3 տոկոսային կետով: Ֆիանսական վիճակի վերաբերյալ սպասումների ցուցանիշը նույնպես նվազել է: Աճ է արձանագրվել զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով 0.8 տոկոսային կետ՝ գրանցելով 55.5 արժեք:

 

Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:

 

Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են: Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը' աճ, իսկ 50 արժեքը' կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իս կ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

 

2014թ. չորրորդ եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1811 տնային տնտեսություն' Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների' յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում: