ԵԿՄ լրատվական ծառայությունը խնդրանքով դիմել է Լուրեր.com-ին՝ վերահրապարակել «Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին» նյութը:
ԵԿՄ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Պավլիկմորոզովականության մեջ պապից ավելի կաթոլիկ գտնված եղբայրներ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը և Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, թե իբր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկեր վճարելուց: Այս եղբայրները պարզունակ հնարանքի են դիմում՝ մամուլին են ներկայացնում տեղեկանքներ միայն Արշալույսի գյուղապետարանին վճարած հարկերի մասին՝ ներկայացնելով, թե իբր Մանվել Գրիգորյանի վճարած հարկերն ընդամենն այդքանն են: Իրականում հրապարակվում է մի թիվ, որ Մանվել Գրիգորյանի իրականում վճարած հարկերից մի քանի հազար անգամ փոքր է: Հերթական անգամ էժանագին տրյուկ է կիրառվել՝ շրջանառության մեջ է դրվել դեռ նախորդ տարվա սեպտեմբերի մի հրապարակում, որը մանրակրկիտ փաստարկներով հերքվել է: Ընդ որում՝ հերքվել է անկախ, օբյեկտիվ հետաքննությամբ: Եվ մենք էլ խնդրում ենք Լուրեր.com-ին վերահրատարակել 2014-ի սեպտեմբերի հրապարակումը, որ հիմնված էր լրագրողական հետաքննության վրա»:
Լուրեր.com-ը, ընդառաջելով ԵԿՄ լրատվական ծառայության խնդրանքը, հրապարակում է «Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին» նյութը.
«Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկերից: Իբրև աղբյուր նշվում էր Արշալույսի գյուղապետարանը: Լուրեր.com-ը հոդվածում մատնանշված ընկերություններից ճշգրտել է, թե ինչու են խուսափում հարկերի վճարումից և պարզել, որ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ներկայացրած տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Ստորև ներկայացնում ենք մեր հետաքննության արդյունքները:
Եվ այսպես: Հրապարակման մեջ ներկայացված էր, թե իբր «Կուարլինի» ՍՊԸ-ն տեղական բյուջե տարեկան ընդամենը 5026 դրամ է վճարում: Ընկերության գլխավոր հաշվապահ Հայկ Պողոսյանը նշեց, որ 2013-ին Արշալույսի գյուղապետարանին հողի հարկ է վճարվել 101 614 դրամ, իսկ գույքահարկ՝ 9026 դրամ: Սակայն, ևս 229 000 դրամի գույքահարկ էլ վճարվել է Էջմիածնի քաղաքապետարանին: Բանն այն է, որ «Կուարլինի» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Էջմիածին, Չոբանքյարայի խճուղի 8: Իսկ իրավաբանական հասցեն Արշալույսից տեղափոխելն էլ իր նախապատմությունն է ունեցել: Այն պահից, երբ Արշալույսի գյուղապետ է կարգվել Զարզանդ Գրիգորյանը, նա, չարաշահելով պաշտոնական դիրքը, սկսել է արհեստականորեն արգելքներ ստեղծել ընկերության համար: Մասնավորապես, գյուղապետարանը, չի հատկացրել զրոյական տեղեկանք, որպեսզի ՍՊԸ-ն չկարողանա մասնակցել մրցույթների: Իսկ եթե խոսում ենք «Կուարլինի» ՍՊԸ-ի հարկերի մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ 2013-ին այս ընկերությունը պետբյուջե է վճարել 128 մլն դրամից ավելի հարկ, բացի այդ 30 մլն դրամից ավելի վճարել է սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար: Ի դեպ, ընկերության հաշվապահն իր բոլոր փաստարկները հիմնավորում էր՝ ներկայացնելով համապատասխան վճարումների կտրոնները:
Մանվել Գրիգորյանի, իբր թե չվճարած հարկերի մասին հրապարակման մեջ անդրադարձ կար նաև «Արփենիկ» գինու գործարանին, թե իբր այս ընկերությունը վճարում է տարեկան ընդամենը 65 924 դրամ: Այստեղ էլ հաշվապահ Նունուֆար Ստեփանյանը պատասխանեց մեր հարցերին: Նա նշեց, որ ամսեկան միայն 250 000 դրամ աշխատողների սոցվճար է փոխանցում, 3 միլիոնի հարկեր և տուրքեր մուծում: Նույնիսկ ներկայացրեց տեղեկանք, որ հողի հարկի գերավճար ունի: Տիկին Ստեփանյանը խորհուրդ տվեց զրուցել տասնյակ այն գյուղացիների հետ, ովքեր հենց մեր զրույցի պահին գործարանին խաղող էին հանձնում: Արմավիրի մարզի տարբեր գյուղերի հողատերերի հետ զրույցից պարզվեց, որ այս գինու գործարանն ուղղակի փրկություն է մարդկանց՝ խաղող աճեցնողների համար:
Մարդկանց շատ հարմար է առանց լրացուցիչ ծախսերի խաղողը հանձնել այստեղ՝ ժամանակին ստանալով ապրանքի վճարը: Խաղող հանձնողներն ուղղակի գոհ ու շնորհակալ են գեներալից, որ իրենցից հարմար պայմաններով խաղող է մթերում: Գյուղացիներն օրհնում էին գեներալի ծնողներին, որոնցից էլ հիշատակ է մնացել այս գործարանը: Մարդիկ անամոթություն էին համարում Արշալույսի գյուղապետի այն պնդումները, թե իբր գործարանն էկոլոգիապես խանգարում է Զարզանդին: Ախր գործարանը 1930-ականներին է կառուցվել և երբեք ոչ մի վնաս չի տվել: Տասնյակ գյուղացիներ, որոնց հետ զրուցեցինք, խնդրեցին իրենց դիրքորոշումը փոխանցել այն մարդկանց մասին, ովքեր գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին իրականության չհամապատասխանող տեղեկություններ են տարածում: Գյուղացիների համոզմամբ՝ Զորավարի հասցեին սուտ լուրեր տարածողները թուրք են, գեներալի մասին վատ խոսողները թուրքի գործակալ են, Ալիևի շահերի սպասարկուներ: Մարդիկ հիշեցնում էին, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ, այսօր էլ, միայն հայ ազգի թշնամիներին, միայն թուրքերին է ձեռնտու եղել Մանվել Գրիգորյանի մասին վատ բաներ խոսելը:
Մեր հաջորդ զրուցակիցը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ տնօրեն Արթուր Ամիրխանյանն է: Նա նույնպես փաստարկված, կտրոններ ներկայացնելով է հերքում տեղեկությունները, թե իբր իրենք ընդամենը 204 000 դրամ են տեղական հարկ մուծում: Պարոն Ամիրխանյանը նախ ներկայացրեց, որ իրենք մշտապես ընդգրկվում են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում, ինչը հեշտությամբ կարելի է ստուգել պաշտոնական կայքերից, որոնցում տեղադրվում է խոշոր հարկատուների ցուցակը: Այս ընկերության՝ 2013-ին պետբյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարը գերազանցում է 120 միլիոնը: Միլիարդ 200 միլիոնից ավելի էլ վճարումներ են կատարվել հայռուսգազարդին և էլցանցին: 2013-ի ընթացքում Արշալույսի գյուղապետարան ընկերությունը վճարել է 870 000-ի հողի հարկ, 306 000-ի գույքահարկ և 127 000-ի՝ վարձավճարներ: Տասնյակ անգամ ավելի էլ վճարվել է այլ համայնքների տեղական բյուջեներին:
Խնդիրն այն է, որ «Արա և Այծեմնիկ» նույնպես իրավաբանական հասցեն տեղափոխել է Արշալույսից, քանի որ գյուղապետարանը, Զարզանդ Գրիգորյանի օրոք, փորձել է անհիմն խանգարել ընկերության գործունեությանը, օրենքից չբխող տույժեր, տուգանքներ կիրառել: Իհարկե, հետագայում, դատական կարգով այդ ապօրինությունները վերացվել են, սակայն, ինչպես Ամիրխանյանն է պնդում, իրենք ժամանակ չեն կարող վատնել այդքան անիմաստ դատական քաշքշուկների մեջ: Ամիրխանյանը հավելեց նաև, որ իրենք հարկադրված են եղել փաստաբանի հետ պայմանագիր կնքել և տասնյակ դատական գործընթացների մասնակցել՝ խորհուրդ տալով իրենց փաստաբան գուրգեն Գրիգորյանից ճշտել, թե ինչ ապօրինություններ է իրեն թույլ տվել Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Փաստաբանի հետ զրուցել ենք, սակայն, մինչ զրույցին անդրադառնալը նշենք, որ մեզ ներկայացված բազմաթիվ կտրոնները փաստում են, որ 2013-ին Մանվել Գրիգորյանը, որպես ֆիզիկական անձ, Արշալույսի տեղական բյուջե է վճարել 947 000 դրամի հողի հարկ, 210 000-ի գույքահարկ և 25 000-ի վարձավճար, իսկ իր հետ փոխկապակցված անձինք՝ 3 մլն 700 000 դրամի տեղական հարկ: Պատգամավորը տասնյակ անգամ ավելի տեղական տուրքեր էլ վճարել է այլ ՏԻՄ-երի, նույն այն պատճառներով, որոնց անդրադարձանք իրավաբանական անձանց դեպքում:
Հիմա փաստաբանի հետ մեր զրույցի որոշ մանրամասներ: Այսպես ուրեմն, ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, գերազանցելով լիազորությունները՝ ապօրինաբար չարաշահելով պաշտոնական դիրքը, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի նկատմամբ ոչ իրավաչափ որոշումներ է կայացրել: Ուշագրավ է հենց թեկուզ այն փաստը, որ երբ ընկերությունը փորձել է արդարություն գտնել դատական կարգով, գյուղապետն ինքն իր որոշումները չեղյալ է համարել՝ չսպասելով դատավճռին: Միայն այս տարվա մայիսի 29-ի որոշմամբ Զարզանդ Գրիգորյանը «Արա և Այծեմնիկ» ապօրինաբար տույժերի ենթարկելու 6 սեփական որոշում է չեղյալ համարել:
Փաստաբանը ներկայացրեց նաև տեղեկանք, թե «Արա և Այծեմնիկ»-ի դեմ ինչ «խայտառակ անգրագետ և անհիմն դատական հայցեր» է ներկայացրել գյուղապետ Զարզանդը: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 22.08.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Վեճի առարկա է հանդիսացել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող 20,95 հա մակերեսով հողամասը: Հողամասը հանդիսանում է «Արա և Այծեմնիկ» ԲԲ Ընկերության սեփականությունը համաձայն 05.04.2006թ. թիվ 2128642 սեփականության իրավունքի գրանցման վկայականի: Հողամասի սեփականությունը ծագել է 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, որով կադաստրը կատարել է սեփականության սահմանման վերաբերյալ համապատասխան նշումներ /սեփ. վկայական 2128642/:
Նշված փաստերի առկայությամբ, որոնց չտիրապետելով Արշալույսի գյուղապետարանը, անհիմն հայց է ներկայացրել ընդդեմ Ընկերության արդեն իսկ սեփականություն դարձած հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու և հողամասը հետ վերադարձնելու պահանջներով, 11.12.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ' հայցը մերժելու վերաբերյալ' այն անհիմն լինելու պատճառաբանությամբ /քաղ. գործ թիվ Արդ 1/0690/02/13/:
Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 22.08.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Անդրանիկ Գրիգորի Թևանյանի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Նշենք, որ Անդրանիկ Թևանյանի կողմից հողի վարձակալության վճարները ամբողջությամբ եղել են կատարված ըստ եռամսյակային դրույքաչափերի: Բացի այդ 2013թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով Անդրանիկ Թևանյանը տուժել է, և ՀՀ Կառավարության որոշման' ՀՀ-ում կարկտահարությունից տուժած բնակիչների հողի հարկի, հողի վարձակալության վճար վճարողներին ցուցաբերած պետական աջակցությունից չի օգտվել:
Արշալույսի գյուղապետարանը, չկատարելով հողի վարձավճարի հաշվարկ և հաշվի չառնելով պետության կողմից ցուցաբերած աջակցությունը, չհաշվանցելով այն՝ դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, և քանի որ Անդրանիկ Թևանյանի կողմից կատարված է եղել վարձավճարի պարտավորությունները, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ' հայցը մերժելու վերաբերյալ /քաղ. գործ թիվ Արդ 1/0691/02/13/:
Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանը 03.07.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ:
Վեճի առարկան է հանդիսանում Արշալույս համայնքում գտնվող 705 քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա խանութը: Հողամասը ծանրաբեռնված է շինություններով: Շինությունները հանդիսանում են ընկերության սեփականությունը, իսկ նշված հողամասը հատկացվել է որպես խանութի սպասարկման տարածք: Նշված հողամասը ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի պահանջների համաձայն' հանդիսանում է ընկերության պայմանական սեփականությունը:
Ինչ վերաբերում է հողամասի սեփականության պետական գրանցմանը, ապա բազմիցս Արշալույսի գյուղապետարանից պահանջվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ տեղեկանք, սակայն մինչ օրս, չնայած առարկությունների բացակայության, Արշալույսի գյուղապետարանը խուսափում է տրամադրել նշված տեղեկանքը' այն անշարժ գույքի կադաստր ներկայացնելու համար: Ավելին, նման տեղեկանք Արշալույսի գյուղապետարանի կողմից չի տրամադրվում ընկերությանը պատկանող մյուս հողամասերի նկատմամբ:
Սույն գործի շրջանակներում նշված հողամասի վարձավճարի գումարի հետ կապված համաձայն պայմանագրի' կատարվել են վճարումներ, իսկ վաղեմության ժամկետի խախտման պահանջվող գումարների մասով կիրառվել է հայցային վաղեմություն:
Այսպես, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' 06.11.2013թ. թիվ Արդ 1/0475/02/13 վճռի համաձայն' Արշալույս համայնքի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև' 17.11.2005թ. կնքված 705 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջները մերժվել են:
Փաստաբանը նշում է, որ անվերջ կարելի շարունակել ապօրինությունների թվարկումը, պարզապես պետք է ընդունել իրականությունը, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն օգտագործում է իր պաշտոնը անձնական ամբիցիաները լուծելու համար: Նա անգամ փորձում է խաթարել «Արա և Այծեմնիկ» կառուցած երեխաների խաղահրապարակի նորմալ գործունեությունը, փորձում է խոչընդոտել գինու գործարանի աշխատանքները, որը տասնյակ աշխատատեղերի խնդիր է լուծում, տասնյակ հողատերերի բերքի մթերման հարցեր լուծում»: