Հայաստանի արտադրության ոլորտում կայուն աճ գրանցած սիրգարետների արտահանման ծավալները գրեթե կրկնապատկվել են: 2014 թվականին Հայաստանից արտահանվել է 10 մլրդ 675.9 մլն հատ սիգար և սիգարետ, որոնց մաքսային արժեքը գերազանցել է 116 մլն 550 հազար դոլարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' 2013 թվականին Հայաստանից արտահանվել էր 6 մլրդ 49.6 մլն հատ սիգարետ, որոնց մաքսային արժեքը շուրջ 68,1 մլն դոլար էր:
Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալներով, արտահանման աճին զուգահեռ, Հայաստանը կրճատել է ներմուծման ծավալը: Եթե 2013 թվականին ներկրվել էր 2 մլրդ 993.7 մլն հատ սիգարետ, ապա 2014 թվականին ներկրման ծավալը կազմել է 2մլրդ 403.7 մլն հատ, իսկ ներկրած սիգարետների մաքսային արժեքը 2013 թվականի 61 մլն 395.0 հազար դոլարի փոխարեն կազմել է 44 մլն 598.4 հազար դոլար:
Հայաստանից սիգարետներ են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ, Աֆղանստան, Բահրեյն, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Թուրքմենստան, Իրաք, Կորեա, Հոնկոնգ, Հորդանան, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Շվեդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան: