Հայաստանի Հանրապետությունից ընթացիկ տարվա ընթացքում մինչև մարտի 5-ը թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ ավելացել է 3 անգամ: Այդ մասին մարտի 5-ին հրավիրած ասուլիսին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի մեր երկրից արտահանվել է 64.5 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը կրկնակի գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը: «Օպերատիվ տվյալներով' հանրապետությունից արդեն արտահանվել է 7 հազար 500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը երեք անգամ գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները»,- նշեց Մակարյանը:

 

Նա տեղեկացրեց, որ մինչև մարտի 20-ը պատրաստ կլինեն վերամշակող կազմակերպությունների կողմից մթերումների ծավալների վերաբերյալ տվյալները: Փոխնախարարը կարևորեց մթերումների գործընթացը պայմանագրով կազմակերպելը: Քննարկվում է նաև գյուղատնտեսական տոնավաճառների ավելացման հարցը: Փոխնախարարը հայտնեց, որ պատվաստանյութերի հիմնական մասն արդեն ներկրված է Հայաստան և առաջիկա օրերին, ըստ գրաֆիկի, կսկվսեն այդ աշխատանքները:

 

Հայաստանից պտուղ-բանջարեղենի հիմնական գնորդը Ռուսաստանի Դաշնությունն է: