«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ և իրականացնում են ստուգումներ: Դրան հետևեց ՊԵԿ-ի արձագանքը, որը չէր հերքել մեր տեղեկությունները: «Պետական եկամուտների կոմիտեի բոլոր ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման հիման վրա։
ՊԵԿ-ը, տարբեր գործիքակազմերի կիրառմամբ, մշտապես իրականացնում է տնտեսվարող սուբյեկտների հարկային ռիսկերի ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կարող է իրականացնել ստուգումներ: ՊԵԿ-ի օրինական գործողությունների հետ կապված շահարկումներն անընդունելի են»,-նշված էր ՊԵԿ-ի պարզաբանման մեջ:
Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, երեկ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները մտել են նաև Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակ, առանց որևէ բացատրության առգրավել տեխնիկան ու համակարգիչները, նաև իրականացրել են խուզարկություններ: Հաշվի առնելով, որ հերթը հասել է կուսակցությանը, որը, ի դեպ, նորաբաց է, ակնհայտ է, որ գործ ունենք հստակ քաղաքական գործընթացի հետ: Հիշեցնենք, որ այս օրերին Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը մի շարք ակցիաներ է արել, իսկ նախօրեին հայտարարել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին:
Ի դեպ, նյութը պատրաստ էր տպագրության, երբ մեզ տեղեկություններ հասան, որ նույնիսկ ձերբակալված անձ կա. խոսքը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Պողոսյանի ընտանիքի հետ կապվող կազմակերպություններից մեկի ղեկավարն է: