Մարտի 1-ի քրեական գործի բացահայտման շրջանակներում իրավապահ մարմինները շարունակում են թիրախավորել նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներին: Միայն վերջին երկու օրերին հայտնի դարձավ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Թոխմախի Մհերի և, ընդհուպ՝ Սերժ Սարգսյանի անունները շոշափող նոր քրգործերի մասին, որոնք հարուցվել են տարբեր առիթներով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ քրեական գործի շրջանակում հոլովվում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի անունը:
Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը բավական տարակուսելի հայտարարություն հնչեցրեց , հայտարարելով, որ Մարտի 1-ը բացահայտված է: Նման հայտարարությունը տարակուսելի էր այն առումով, որ այդ պահի դրությամբ 2008 թվականին բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք հայտնի դեմքեր անգամ չէին էլ հարցաքննվել: Իհարկե Փաշինյանը հասկանում էր, որ հանրության մոտ նման հայտարարությունը կարող է տպավորություն ստեղծել , թե այս անգամ ևս Սարգսյանների ընտանիքը ջրից չոր դուրս կգա: Փաշինյանը այսպիսով մեսիջ է հղում հոռետեսներին, որ դա այդպես չէ: Մյուս կողմից ՝ Սարգսյանի ներգրավումը նպատակ է հետապնդում ցրել ևս մեկ տարածվող կարծիք, որ Մարտի 1-ի գործը քաղաքական հաշվեհարդար է անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նոր՝ ոչ պակաս խոշոր կալիբրի ֆիգուրանտի ներգրավումը կարող է ցրել նման մտայնությունը, իր հերթին Քոչարյանին ևս զրկելով այդ հանգամանքը շահարկելու հնրավորությունից:
Բացի այդ, առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, հետևաբար հեղափոխական թիմը որոշակի նպատակ ունի երկարաձգել այսպես կոչված հեղափոխական էյֆորիան՝ իսկ մերժված Սերժ Սարգսյանի ներգրավումը քրեական գործում՝ անկախ կարգավիճակից թույլ կտա որոշակի ժամանակ շահել: Հաշվի առնելով Փաշինյանի թիմի անհաջող մեկնարկը՝ դրա կարիքը ավելի քան զգացվում է…