Ինչքան էլ արձանագրենք, որ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովն անարդյունավետ էր, դրա ետնաբեմում և զուգահեռաբար անցկացվող Եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել եվրասիական տարածքում Հայաստանի իրական հնարավորություններն ու ազդեցությունը, ինչպես նաև կանխատեսել հնարավոր զարգացումները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: 

 

ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական ինտրիգը դարձավ Նուրսուլթան Նազարբաևի «դիվանագիտական հիվանդությունը» և նրա բացակայությունը Երևանի գագաթաժողովից:


Դժվար չէր ենթադրել, որ այս դիվանագիտական դեմարշով Ղազախստանի նախագահը հասավ իր նպատակին. Հայաստանի ներկայացուցչին չվստահվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ԼՂ խնդրով չընդունվեց գագաթաժողովի առանձին հայտարարություն: Կարելի է նույնիսկ արձանագրել, որ Նազարբաևի բացակայությունը Երևանի գագաթաժողովի անուղղակի կողմ դարձրեց Բաքվին՝ դրանից բխող հետևանքներով: 


Սակայն ավելի էական հայտարարություններ հնչեցին ՀԱՊԿ գագաթաժողովի հետնաբեմում, որոնք որոշակիացնում են Ռուսաստանի նոր մոտեցումները Ղարաբաղյան հարցում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնհայտորեն ժեստ արեց Անկարայի ուղղությամբ՝ հենց Երևանում հայտարարելով, թե «Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային դեր կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ»: Լավրովի ասածը, մոտավորապես այն է, որ եթե Հայաստանը տարածքներ զիջի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի մեր երկրի հետ սահմանները: Եթե հիշենք, որ օրեր առաջ ԵԽԽՎ նստաշրջանում նույնաբովանդակ հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ապա կարելի է արձանագրել, որ ԼՂ հարցումՄոսկվան և Անկարան ունեն որոշակի պայմանավորվածություններ:


Ղարաբաղյան խնդրում ռուսական քաղաքականության մյուս ուղղությունը բացահայտեց Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը: Դարձյալ Երևանում ռուսաստանցի այս պաշտոնյան ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կկարգավորվի, եթե ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ լինեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: 

 

Ակնարկը պարզ է ու թափանցիկ և հանգում է նրան, որ Ադրբեջանի եվրասիականացման դիմաց դարձյալ պետք է վճարի Հայաստանը՝ տարածքային միակողմանի զիջումներով: 


Այս ամենի համատեքստում զարմանում ես, որ Մոսկվայի պաշտոնական և Հայաստանի ռուսամետ շրջանակներում հերքում են «Լավրովի պլանի» գոյությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի և Ղարաբաղի դեմ ուղղված ռուս-ադրբեջանաթուրքական դաշինք: Երեկ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, թե Երևանում քննարկել են ԼՂ խնդիրը, փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: Իլհամ Ալիևը Երևանում չէր, ըստ այդմ` այստեղ Պուտինն ու մյուսները փոխզիջման անհրաժեշտությունը կարող էին քննարկել հենց Սերժ Սարգսյանի հետ: 

 

Այս ամենը հուշում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովում և դրա կուլիսներում մթնոլորտը լարված, անգամ շիկացած է եղել: Թերևս պատճառը ԼՂ հարցում Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներն են: Պատահական չէ, որ ռուսական մամուլը այս օրերին բացահայտորեն ծաղրում է Սերժ Սարգսյանին. ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցում մերժել է Պուտինին, արժանանալով նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ների հարձակումներին և Հայաստանին զրկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մարդ նշանակելու հնարավորությունից:

 

Սարգիս Հակոբյան