«Իրատես» թերթը գրում է.

«Ասենք միանգամից` ավելի լավ ընտրություն չէր կարող լինել: Հավելմամբ` խաղը փոխվում է: Շախմատային տախտակը` նույնպես: Ոչ այն պատճառով, որ «արծաթե գդալը բերանում», փափուկ ապրած Արմեն Սարգսյանն այն «հեղափոխականն» է, որը վերևից էվոլյուցիայի է տանելու էս երկիրը: Կարող ենք անգամ պնդել հակառակը:

 

Այս պաշտոնը քննություն է հենց Արմեն Սարգսյանի համար: Կդիմանա՞: Կկարողանա՞ անցնել այն լաբիրինթոսով, որն առկա է Հայաստանում: Յո՜թ տարի: Կփորձի՞ Հայաստանը «հասցնել» իր և Լոնդոնի կենտրոնում իրենց յոթհարկանի տան` դեպ Թեմզա հայացքն ուղղած պատուհանի մոտ նստած իր կնոջ` անչափ հայկական անունով Նունե Սարգսյանի գրած «հեքիաթներին», թե՞ ստիպված կլինի «իջնել-մտնել» մեր «գաղջի» մեջ` ձեռք բերելով նոր որակներ (տա Աստված` հաղթական)։ Իսկ առավել ստույգը, կարծում ենք, այն կլինի, որ նա, ի վերջո, կբացահայտի յուր «թաքնված» կարմայի ողջ հմայքը: Բոլոր դեպքերում, սպասենք:

Եվ այնուհանդերձ. ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ նրա վրա:

Շատ պարզ: Գիտենք` Սերժ Սարգսյանի ուղեղային «համակարգիչն» աշխատում է խիստ անվրեպ (Ջոբսը կնախանձեր): Նրա մենթալ աշխարհագրությունում չկա որևէ մեկը, որ մոռացված լինի, որ ի տեղի` ի պիտո ներգրավված չլինի «շախմատային» պարտիաների մեջ: Էլ առավել` Արմեն Սարգսյանը: Քանզի, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանի` Աղունի ամուսին Սիմոնի հետ կենակցած հերոսուհին. «Որ մեր մարդիկ գնացի՜ն-մեռան պատերազմում, ձերոնք հետ եկան, հո մենակ ձեր համար չեկա՞ն»:

Ասել է` Արմեն Սարգսյանն ինչի հասել է (իսկ կարելի է ասել` հասել է գրեթե առավելագույնի), մատրիցան, նախ և առաջ, Հայաստանն է: Եվ զուր չէ, որ հայաստանյան երեք նախագահներն էլ փորձել են այդ մատրիցան օգտագործել ի պիտո: Առաջին երկուսին` Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին դա չհաջողվեց: Սա Լոնդոնում «կայանած» ՀՀ դեսպան (ասում են` Արմեն Սարգսյանի փառասիրությունը չի ընդունում, երբ իրեն ասում են դեսպան. նա կարծում է, որ ինքն ավելին է, քան դեսպանը) Արմեն Սարգսյանի երրորդ թռիչքն է «դեպ Լուսին»` հայաստանյան հողից:

Ասենք անկեղծ` Սերժ Սարգսյանի համար նա միշտ եղել է ջոկեր. իզուր չի «Վիկիլիքսը» գրում, որ 2008-ին նա Սերժ Սարգսյանի կաբինետի վարչապետը պետք է լիներ: Չեղավ: Ընտրությունը կանգ առավ Տիգրան Սարգսյանի վրա (այս թեմային մանրամասն կանդրադառնանք առանձին):

 

Այդ տարիների հայաստանյան խորհրդարանական ընտրություններին Արմեն Սարգսյանը փորձ էր արել ստեղծել բրիտանական շրջանավարտների հայկական բանկ` ապագայում այն միակցելու ամերիկյան շրջանավարտների բանկին, ունենալու կադրային բավականին լուրջ ռեսուրս: Այդ «բանկից» մնաց մի «ՄԻԱԿ», իր միակ Լևոն Մարտիրոսյանով: Գրեթե: Ասել է` այս քաղաքական պրոյեկտում նույնպես հաջողակ դիլլեր Արմեն Սարգսյանը ֆիասկո գրանցեց:

Հաջորդիվ` նա կազմակերպեց Սերժ Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա. ՀՀ նախագահին Վինձորյան պալատում ընդունեցին թագուհին և արքայազն Չառլզը: Սա, անշուշտ, մեծ իրադարձություն էր: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ էր հայոց նախագահին թագուհին ընդունում: Սակայն այցը Բրիտանիա, որի մոդերատորը, հասկանալիորեն, մեր հզոր «ջինն» էր, չծառայեց իր նպատակին. նա չէր կարողացել կազմակերպել Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. ինչ էր նշանակելու այդ հանդիպումը «մարտի մեկի», Քոչարյանի «միջով» անցած Սերժ Սարգսյանի համար, չասենք, ասենք լոկ, որ նա հանդիպել էր ընդամենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարարի հետ:

Ի դեպ, այդ ժամանակահատվածից սկսած, Արմեն Սարգսյանը կարծես դադարեց Սերժ Սարգսյանի համար լինել ջոկեր ու, կարծես, էներգաթափ եղավ։ Գուցե մի առանձին առիթով անդրադառնանք, թե ինչու տեղի չունեցավ Բլեեր-Սարգսյան հանդիպումը, այս պահի համար արձանագրենք հաջորդ կարևոր դրվագը. Սերժ Սարգսյանն իր հետ Լոնդոն էր տարել ապագա վարչապետին` Կարեն Կարապետյանին, չար լեզուներն ասում էին` «մկրտելու», բայց այցից առժամանակ անց Կարեն Կարապետյանը «մեկնեց»… Մոսկվա: Սա նույնպես հետաքրքիր պատմություն է, սակայն այն նույնպես առանձին խոսակցության թեմա է:

Պետք է առանձին անդրադառնալ նաև Արմեն Սարգսյանի «Երևան, իմ սեր» պրոյեկտին, որով Երևանի կենտրոնում պետք է չորս շենք «սիրվեր»` հատուկ սիրով, վերականգնվեր հատուկ շուքով, աուրայով, պատմությամբ: Եվ` ոչ միայն։

Արվե՞ց։ Համենայնդեպս, դրանից հետո ավելի շատ Ամուլսարի մասին լսեցինք, քան «սիրո»:

Ասել է` աշխարհի մակարդակով շատ բանի հասած Արմեն Սարգսյանի մոտ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, պլիպուղյան վիճակ է, իսկ եթե գրագետ` սինդրոմ. նրա «կարկատանները տեղ-տեղ են շնորհավորանքի» արժանի:

Հարցերի հարցն այս պահին մեկն է` այդքա՞ն էին նրա հնարավորությունները, թե՞ նրան այդպես էր ձեռնտու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: