Վերջին շրջանի ներհայաստանյան քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը, անշո՛ւշտ, սահմանադրական հանրաքվեն էր, որը, իր հերթին, առաջ բերեց այնպիսի ներքաղաքական գործընթացներ, որոնց շուրջ միանշանակ գնահատականներ հնչեցնելը չափազանց խրթին կլիներ. ՀՀԿ-ՀՅԴ ապագա կոալիցիան՝ ձեզ վառ ապացույց:

 

 

Համաձայնե՛ք, որ դեռևս սահմանադրական հանրաքվեից առաջ էր պարզ՝ դրական արդյունքի պարագայում հանրապետականները «տակ չեն մնալու» ու դաշնակցականների լավության տակից ինչ-որ կերպ դուրս գալու համար պարգևատրելու են նրանց համապատասխան կերպով. դարձնելու են նրանց հայաստանյան իշխանական բուրգի անքակտելի մասնիկը (չմոռանանք, որ «Այո» քարոզողների առաջին շարքերում հենց ՀՅԴ անդամներն էին):

 

 

Վերլուծելով հատկապես վերջին շաբաթների ներքաղաքական անցուդարձն ու համապատասխան օղակներում իշխող տրամադրությունները՝ գալիս ես այն եզրահանգման, որ իշխանությունների կողմից դաշնակցականներին պարգևատրելու բուն գործընթացն այլևս սկսված է՝ գտնվելով, սակայն, դեռևս նախապատրաստական փուլում:

 

 

Այսպես. ինչպես գիտեք, Վերահսկիչ պալատը շարունակում է ՀՀ մարզերի սոցիալական ծառայություններում 7 տարածքային գործակալություններում ստուգումները: Ասում են, որ այստեղհսկայական չարաշահումներ ու օրենքի աղաղակող խախտումներ են հայտնաբերվել, որոնց վրա «աչք փակել» այլևս ոչ ոք չի պատրաստվում. օրինախախտումներին կոնկրետ ընթացք է տրվելու, իսկ մեղավորներն էլ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս մասին, թերևս, հնչել էր ակնարկ նաև նախորդ շաբաթվա կառավարության նիստում, երբ վարչապետ Աբրահամյանն աներկբայորենհասկանալ էր տվել, որ առաջիկայում սպասվում են կրճատումներ:

 

 

Որոշ աղբյուրներ պնդում են, որ, մասնավորապես, կրճատումներ են սպասվում հատկապեսմարզպետարաններում. իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու մի շարք բարձրաստիճան դեմքեր, որոնց՝ աշխատանքում ունեցած թերացումների հետևանքով էլ, խոշոր հաշվով, տեղի են ունեցել ՎՊ կողմից բացահայտված վերոհիշյալ չարաշահումները: Ամենևին էլ չի բացառվում, որ հնարավոր պաշտոնանկությունների հետևանքով թափուր մնացած աթոռները տրվեն ՀՅԴ-ին՝ վերջիններիս մուտքն իշխանական համակարգ առավել համապարփակ դարձնելու նպատակով: Եթե ոմանց այս տեսակետն անհիմն է թվում, ապա կխնդրեի հաշվի առնել մեկ հանգամանք ևս: Այն, որ ՀՀ Վերահսկիչ պալատն իր գործունեության ընթացքում մշտապես ջանացել է հնարավորինս օբյեկտիվ դիրքերից հանդես գալ ու գործել փաստարկված, կասկածից վեր է: Սակայն արդյոք ձեզ կասկածելի չի՞ թվումայն հանգամանքը, որ նույն կառավարության կողմից այդ բացահայտումների վերաբերյալ արձագանքն այժմ շատ ավելի կոպիտ ու խիստ է, քան նախկինում էր, և եթե այո, ապա հատկապես ինչի՞ հետ սա կարող է կապված լինել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանն առավել քան ակնհայտ է. օգտագործելով Վերահսկիչ պալատի հեղինակությունը՝ փորձ է արվում հիմնավորել ապագա կադրային տեղաշարժերը, որ տեղի են ունենալու հատկապես մարզերում:

 

 

Իհարկե, համարել մեր այս տեսակետը 100%-անոց ճշմարտություն, մենք չենք համարձակվի, սակայն համաձայնե՛ք, որ սա մի վարկած է,որն ամենևին էլ զերծ չէ ներհայաստանյան տրամաբանությունից և առնվազն ունի իրավունք՝ գոյություն ունենալու:

 

 

Դավիթ Բաբանով