«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են:
Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն Գեղամ, Մանուկյանին մեղադրանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 329-ի հոդվածի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը կամ քարոզելը…): Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով, ինչը հենց Մանուկյանը հաստատել էր մեզ հետ զրույցում: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաեւ, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նրանք, ըստ էության, ազատության մեջ էին 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում»: