Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մոտեցավ կառավարության դիմաց հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։
«Ես եմ որոշել գալ, տեսնել, թե ինչպես է կոլեգաս։ Երեկ էլ էի եկել, բայց Գեղամը հարցազրույցի էր գնացել։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել սրա մասին, ինքն էլ էր հետաքրքրվում՝ ոնց են, ինչ են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գևորգյանը։
Հարցին, թե ինչու վարչապետը չի մոտենում կառավարության դիմաց հացադուլ անողներին՝ ի պատասխան վարչապետի խոսնակն ասաց, թե Փաշինյանը հիմա աշխատանքի է, աշխատում է։
Ճեպազրույցին միջամտած Գեղամ Մանուկյանն էլ նշեց, թե վարչապետի մոտենալուց ակնկալիք չունի և միևնույն է իրենց խոսակցությունից ոչինչ չի փոխվելու։