Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության, այլեւ որակական առումով:
Պարզվում է՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ըստ ՏՄՊՊՀ-ի, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է: Իհարկե, «Շիրակ»-ը ծիծաղելի պարզաբանում է տվել, թե «ԷԿՈ» մակնշումը ոչ թե ձվին, այլ տուփի վրայի ինքնաթիռին է վերաբերում, բայց, ամեն դեպքում, ապօրինության համար «Շիրակ»-ը տուգանվել է 3 մլն 44 հազար ՀՀ դրամով: Ավելին՝ Հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: Սակայն, պետք է արձանագրենք, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով Հանձնաժողովի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ: Շիրակ թռնչաֆաբրիկան պատկանում է իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, ով նաև հանդիսանում է Գոլդեն Փելեսի սեփականատերը:
Քանի որ Նարեկ Նալբանդյանը չի կատարել ՄՊՀ պահանջը, կառույցը նոր վարույթ է հարուցել: 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ են հարուցվել «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ: Ինչպես երևում է՝ Նարեկ Նալբանդյանի դեմ ՄՊՀ-ն այդպես էլ հակախաղ չի գտնում և վերջինս շարունակում է տուգանվել և խախտել օրենքը: Հետաքրքիր է, իսկ ի՞ նչ կասի Շիրակ թռչնաֆաբրիկայի ձվերի որակի մասին շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և վերջինիս ղեկավար Արմեն Կոտոլյանը: Արդյոք որակի առումով ևս խախտումներ չեն արձանագրվել, քանի որ, ինչպես ասում են՝ սպասելի է: Սակայն, ՇՎՏՄ-ն լռում է և նույնպես դիտորդի կարգավիճակ է որդեգրել:
Ստացվում է՝ Նոր Հայաստանում նորաթուխ օլիգարխները, որոնք նաև որոշակի կապեր ունեն իշխանական վերնախավում, կարող են հանգիստ խախտել օրենքները և անպատիժ մնալ: Նրանց դեմ միակ հակախաղը մնում է վարույթ հարուցելը, մինչդեռ, այդ մի քանի միլիոն դրամի տուգանքը վճարելը վերջիններիս համար խնդիր չէ, այնուհետ էլ նրանք շարունակում են իրենց հակաօրինական գործողությունները: Իսկ երկու պետական կառույցի ղեկավար, պարզապես դիտորդի կարգավիճակով նայում են, թե ինչպես է Նարեկ Նալբանդյանը արհամարհում պետական մարմինների պահանջները: Հարց է առաջանում՝ նրանք չե՞ն կարողանում, թե՞, չեն ցանկանում նորաթուխ օլիգարխի դեմն առնել...