Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել իրենց վստահված ոլորտները հետհեղափոխական չորս տարիների ընթացքում տապալած պաշտոնյաներին: Այսօր կանդրադառնանք ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին, ով այդ պաշտոնին նշանակվեց 2019 թվականի ապրիլին, այսինքն՝ հեղափոխությունից մեկ տարի անց:
Ի սկզբանե Գևորգյանը իր նախորդից՝ Արտակ Շաբոյանից ժառանգել էր մի կառույց, որը քիչ թե շատ, սակայն գոնե նկատում էր մենաշնորհների կամ գերիշխող դիրքը չարաշահողների առկայությունը հայաստանյան շուկայում: Հեղափոխությունից հետո թվում էր, որ վերջինները ոչ միայն պետք է նկատվեն, այլ նաև պետք է արմատախիլ անեն, սակայն՝ Գևորգյանը այլ կարծիք ուներ. նշանակվելուց անմիջապես հետո նա հայտարարեց, որ մենաշնորհների դեմ չի պայքարելու:
Այնուհետև Գևորգյանը ընդհանրապես հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, կա գերիշխող դիրք, սակայն վերջինիս դեմ էլ ՏՄՊՊՀ նախագահի պայքարը, եթե այդպիսին, իհարկե, ընդհանրապես կար, տապալվեց: Հիմնական շուկաներում, այնտեղ որտեղ մշտապես նշմարելի են եղել ներմուծող մի շարք օլիգարխների շահեր, փոփոխություններ տեղի չունեցան: Շուկաներում խաղացողների թվի ավելացումը, որը կառույցում ներկայացնում են իբրև մեծագույն ձեռքբերում, իրականում մեծագույն մանիպուլյացիա էր: Դիցուք՝ 2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:
Բանանի շուկայում, որը մինչ հեղափոխությունը գտնվում էր «Քեթրին Գրուպ»-ի վերահսկողության տակ, 2018-ից հետո ավելացել է ընդամենը մեկ ընկերություն, այլ էլ պայմանագիր է կնքել միայն ՊՆ-ի հետ, նշանակում է՝ շուկան բաց չէ: Ավելին' մամուլը ուներ հիմնավոր կասկածներ, որ այդ նոր ընկերությունը նույնպես կապված է Միհրան Պողոսյանի հետ:
Դիզվառելիքի շուկայում որևէ էական փոփոխություններ նույնպես չարձանագրվեցին, բացի, իհարկե, գների դրակոնյան աճից, ինչի պատճառները Գևորգյանը խորհուրդ տվեց փնտրել ոչ թե դիցուք՝ «Ֆլեշ»-ի կամ «Սի Փի էս օյլ»-ի գերշահույթ ստանալու ցանկության, այլ արտաքին շուկաներում տիրող իրավիճակի հետ:
Նման հուժկու փոփոխություններից հետո Գևորգյանը նախաձեռնեց նաև կառույցի հուժկու բարեփոխումներ, սակայն այդ բարեփոխումների ողջ արդյունքը կարելի է ամփոփել մեկ նախադասության մեջ՝ կրճատվեց կառույցի անվանումը:
Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնավարման տարիների ընթացքում Գեղամ Գևորգյանը աչքի չի ընկել ՀՀ հպարտ քաղաքացիներին խոշոր բիզնեսի թալանից և կեղեքումներից փրկելով, այլ հակառակը՝ մենաշնորհներն ու գերիշխող դիրո ունեցող տնտեսվարողների համար ոլորտը դրախի է վերածվել...