2012-ի թվականին Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ ելույթ էր ունեցել Ազատության հրապարակում, որտեղ մի շարք մականունավոր օլիգարխների էր անդրադարձել: Մասնավորապես, նա նշել էր, որ եթե լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն գետինը կմտներ, եթե կապ ունենար ՄԱՊ-ի Ալիկի, Լֆիկ Սամոյի ու Մուկ-ի հետ: Ըստ էության, նա նկատի ուներ Ալեքսան Պետրոսյանին, Սամվել Ալեքսանյանին և Հովիկ Աբրահամյանին:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավականին ջերմ հարաբերություններ են հաստատել մի շարք նախկին պաշտոնյաների հետ: Վերջիններիս շարքին վստահաբար կարելի է դասել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկին՝ Ալեքսան Պետրոսյանին, ճիշտ է՝ հեղափոխությունից հետո թավիշը նրան էլ էր հասել, բայց՝ ժամանակավոր:

2018-ին ՄԱՊ-ի Ալիկին ձերբակալեցին, նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Չնայած դրան՝ Պետրոսյանը ընդամենը 30 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին էլ որևէ տեղեկություն մինչ օրս չկա: Իր հերթին Ալեքսան Պետրոսյանն էլ ժլատությամբ աչքի չի ընկնում և բավականին կլոր գումարների փոխանցումներ է կատարում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան՝ «Իմ քայլը» հիմնադրամին: Դիցուք՝ 2020 թվականին նա մեկ միլիոն դրամ է փոխանցել Մխիթար Հայրապետյանի ղեկավարած ֆոնդին: Զարմանալի չէ, որ Պետրոսյանների ընտանիքը այլևս չի թիրախավորվում:

Հեղափոխությունից հետո հարկեր չվճարելու մեջ մեղադրվեց նաև Սամվել Ալեքսանյանը, թիրախավորվել էր վերջինիս Սիթին: Սակայն, կարճ ժամանակ անց բնականաբար մեղադրանքը ջրվեց, ինքը՝ Ալեքսանյանն, էլ նույնպես աչքի ընկավ մեծահոգությամբ՝ միլիոնների հանգանակություն անելով Փաշինյանի հիմնադրամին: Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին գրեթե կես տարին մեկ արտոնություն է տալիս վերջինիս «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը:

Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Արտաշատում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը՝ ստանալով քվեների 60 տոկոսից ավելին: Ընտրություններից անմիջապես հետո մամուլը գրեց, որ Արտաշատում իր հաղթանակով ՔՊ-ն պարտավոր է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և վերջինիս շրջապատին: 

Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում հայտնի դարձավ, որ, ըստ էության, «ջրվել» է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի դեմ երկու տարի առաջ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու համար: Աբրահամյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, գործն էլ մտել էր դատարան, սակայն մինչ այս պահը որևէ նորություն և առաջընթց դատական գործում չկա: Բացի այդ, Հովիկ Աբրահամյանի մերձավորները համաներվել են հողամասերի ապօրինի վաճառքի գործով։
 
Ընտրություններից անմիջապես հետո էլ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի իր դղյակը վաճառել է հանրությանը «Գոլդեն Փելասի» գործարքից հայտնի Նարեկ Նալբանդյանին` այն էլ 5 միլիոն դոլարով։ Այստեղ հարկավոր է նշել, որ առանձնատան առքուվաճառքը կայացնելու համար Աբրահամյանները պետք է կարողանային նախ գույքը դուրս բերել կալանքից։ Այն կալանքի տակ էր 2018-ից՝ երկու քրեական գործերով։ Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ ըստ մամուլի տեղեկությունների` ՔՊ-ին Արտաշատում ցուցաբերած աջակցությունը հենց այն գինն էր, որը Հովիկ Աբրահամյանը վճարել է՝ եղբոր դեմ հարուցված քրեական գործը ջրելու և դեռևս ընդդիմադիր Փաշինյանի կողմից կոռուպցիայի սիմվոլ հռչակված դղյակը վաճառելու թույլտվության դիմաց:
 

Այսինքն՝ ստացվում է, 2012-ին վերը նշված անձանց հետ կապ ունեցող Սերժ Սարգսյանը պետք է գետինը մտներ, իսկ ահա 2022-ին վերջիններիս հետ փաստացի համագործակցող Փաշինյանը նման բարոյական երկընտրանք առջև, փաստորեն, կանգնած չէ...