ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված «Քաղաքացիական պայմանագիրը», որն արդեն ունի Կառավարման խորհուրդ, ասուլիսով հանդես կգա դեկտեմբերի 9-ին, իսկ թե ովքեր են խորհրդի անդամները, դեռևս գաղտնի է պահվում։

 

Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ խորհրդի անդամ է նաև «Սասուն» ջոկատի հրամանատար, անկուսակցական Սասուն Միքայելյանը, ով սակայն Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց առայժմ խոսել այդ մասին, թեև հաստատեց, որ հրավիրված է ասուլիսին։

 

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանից հետաքրքրվեցինք, թե գուցե ինքը ևս պայմանագրին միանալու մտադրություն ունի, հատկապես, որ արդեն անկուսակցական է։ Նախկին «Հանրապետություն» կուսակցության անդամը տեղեկացրեց, որ ինքը քաղաքում չի եղել և տեղյակ չէ պայմանագրից։

 

«Նոր եմ եկել և ինձ որևէ մեկը բան չի ասել»,- ասաց նա։ Սմբատ Այվազյանը նաև նշեց, որ քաղաքացիական պայմանագրին ծանոթ չէ, որպեսզի դրա հեռանկարների մասին խոսի. «Թողեք մի շաբաթ մնա ծանոթանամ, հետո կխոսենք»։

 

Նշենք, որ պայմանագրի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ: Պայմանագրին որևէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը:

 

Նախկին ՀԱԿ անդամ, այժմ անկուսակցական Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում պայմանագրի հնարավորությունները և հնարավո՞ր է արդյոք նա էլ է ցանկանում միանալ պայմանագրին։

 

«Չէ, ես նման հիմք չունեմ անդամ դառնալու, բայց այն ինչ կատարվում է, որպեսզի մեկ ժամ առաջ ազատվել այս իշխանություններից, ես դրա կողմնակիցն եմ»,- ասաց նա։

 

Հարցին, թե առանց քաղաքական ուժերի հնարավո՞ր է ժողովրդին վերադարձնել իշխանությունը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Եթե լավ աշխատեն հնարավոր համարում եմ, որովհետև դա կվերածվի ևս մեկ այլ քաղաքական ուժի, և եթե խորը մտածենք, անկուսակցականները կդառնան կուսակցականներ»։

 

Դիտարկմանը, թե պայմանագիրը բացառում է կուսակցության պատկանելիությունը, նախկին ՀԱԿ անդամն արձագանքեց. «Բայց դե ցանկացած քաղաքական կուսակցության հենքում առաջինն այն է, որ պետք է գան իշխանության չէ՞, հետո էլ բնական է՝ կվերածվի կուսակցության»։

 

ՀԱԿ նախկին անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագրին» ծանոթ է մամուլից և քանի որ տեղյակ է, որ դա վերաբերում է անկուսակցականներին, իսկ ինքը կուսակցության ղեկավար է, բնականաբար, անմիջական առնչություն չի կարող ունենալ դրա հետ։

 

«Բայց որպես քաղաքական գործընթացների զարգացումների հետ կապված համագործակցությունների հնարավորություն, կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Թող հասկանանք, ինչ են անում, ինչ է ստացվում իրենց մոտ, որից հետո նոր կերևա համագործակցության ֆորմատը»,-նշեց նա։

 

Ամեն դեպքում Պետրոս Մակեյանը կարծում է, որ այս նախաձեռնությունը հեռանկար ունի, քանի որ, ըստ նրա, այդ քաղաքացիական պայմանագրի մեջ ընդգրկված են մարդիկ, որոնք քաղաքական ճանապարհ են անցել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը։

 

«Բայց խնդիրը հետևյալն է. ի՞նչ ասելիքով են հանրությանը դիմելու։ Եթե ասելիքն ընկալելի լինի, առավել ևս, որ Հայաստանում վարչախմբի կողից ձևավորել է մի միջավայր, որ լուրջ ասելիք լինի»,- ասաց նա և ընդգծեց, որ ներքին ռեսուրսը միշտ կա։

 

«Ուղղակի այդ ռեսուրսը մաշվում է արտագաղթի պատճառով, և հիմա, ցավոք, Հայաստանում գործընթաց սկսելը կախված է ոչ թե ներքին ռեսուրսներից, այլ դրսի ազդակներից»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը։

 

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ ողջունում է ցանկացած գործ, որն ուղղված է երկրում իրավիճակը փոխելուն, չնայած բուն պայմանագրից և նրա նախաձեռնող խմբից այդքան էլ տեղյակ չէ։

 

«Հիմնական խնդիրն այն է, թե ի՞նչ ենք ուզում անել, ինչպե՞ս ենք ուզում անել և ումո՞վ են ուզում անել, բացի այդ, վերջում նաև անհրաժեշտ է ինչով անելը, բայց դա վերջինն է, ոչ պակաս կարևոր»,- ասաց նա։

 

Հարցին, թե քանի որ պայմանագրում շեշտը քաղաքացու վրա է դրված, մյուս նախապայմանները ավելորդ խոչընդոտ չե՞ն լինի, Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ որոշիչ դերը քաղաքացունն է, ժողովուրդը պետք է որոշի, բայց ժողովրդին պետք է առաջնորդել տանել, քաղաքական ուղի ընտրել։

 

«Իհարկե, կարող են շարքային քաղաքացիներ էլ ոչ քաղաքականացված ու կուսակցականացված ձևակերպեն պահանջը, ինչը դժվար չէ, այն է՝ պետք է իրավիճակ փոփոխել և իշխանությունը վերադարձնել ժողովրդին, բայց ինչպես դա անել՝ արդեն այլ հարց է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքական ուժերը պետք է առավելագույն մեծ մասնակցություն ունենան հիմնված փոխհամաձայնության վրա։

 

Նախկին ՀԱԿ–ի օրինակը նա հաջողված է համարում մինչև այն պահը, երբ սկսեցին «քաղաքական խաղեր տալ պրոցեսի գլխին կանգնողները»։ «Իհարկե, դրա համար հարկավոր է ազնիվ լինել, խաղեր չտալ, չստել, ինչը նախկինում մենք ունեցել ենք։ Հիմա ինչ անելը գիտենք, ինպես անելն ու ումով անելն արդեն խնդիր է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ առանց ժողովրդի մասնակցության գործելն արդեն մանր ժուլիկություն է»,-եզրափակեց նա։